Արցախում պատերազմի դադարեցմանն ուղղված քայլին չգնալը ենթադրում էր ավելի մեծ կորուստներ ու զոհեր: «Արմենպրես»ի հաղորդմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին նշել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ ուղիղ հեռարձակմամբ: Նրա խոսքով, այդ որոշումը կայացվել է վերլուծությունների, Զինված ուժերի գլխավոր շտաբի և Արցախի նախագահի գնահատականների հիման վրա:

«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքն այն է, որ ես համաձայնել եմ Աղդամը, Լաչինը, Քարվաճառը հանձնել Ադրբեջանին: Իրականում շատ զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է, որովհետև այդ փաստաթուղթը ստորագրվել է մի իրավիճակում, երբ ընկած էր Շուշին, երբ, ըստ էության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ ռեսուրսները բավական խնդրահարույց վիճակում էին: Արցախի քաղաքական ղեկավարությունը նույնպես կիսում էր այդ կարծիքը: Ինչ կլիներ, եթե չստորագրվեր: Այդ փաստաթղթով տրվել է այն, ինչ, ըստ ռազմական և ոչ ռազմական գնահատականի, մենք այդ իրավիճակում չէինք կարող պահել: Մի իրավիճակ ունեինք, երբ Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, եթե ռազմական գործողությունները շարունակվեին մեծ հավանականություն կար, որ հակառակորդի ուժերը կգրավեին Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, պաշտպանական շրջանները, այնտեղ գտնվող զինվորներով, կհայտնվեին շրջափակման մեջ: Տեղի կունենար ամբողջական կոլապս: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ահա այդ գնահատականի հիման վրա է կայացվել նման որոշում:

Վարչապետը պատահական չհամարեց այն, որ այս օրերին առաջնագծից զինվորները վիդեո ուղերձներ են հղում, որով պաշտպանում են կայացված որոշումը: Նրանք տեղում տեսել են, հասկացել են իրավիճակը, որքան էլ այն դառը լինի:

«Այդ պահին ունեինք իրավիճակ, երբ Ստեփանակերտն ուղիղ սպառնալիքի ներքո էր, Զինված ուժերի գլխավոր շտաբի և Արցախի նախագահի գնահատականն այն էր, որ, ըստ էության, սիմվոլիկ է պաշտպանված Ստեփանակերտը: Հազարավոր զինվորներ կընկնեին շրջափակման մեջ, և արդյունքում մենք կկորցնեինք այն մնացածը, ինչն այս փաստաթղթով արձանագրված է»,-ասաց նա:

Անդրադառնալով Շուշիի անկման, Շուշիի շուրջ դավադրությունների մասին խոսակցություններին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ Շուշիի անկումից հետո երկու անգամ այն վերադարձնելու փորձ է արվել, մեկը ձախողվել է, մյուսի ժամանակ մի ջոկատի հաջողվել է ներս մտնել Շուշի: Թեպետ, մեծ հաշվով, իրադրություն չի հաջողվել փոխել: Այդ ամբողջ հակասություններ կապվում էին հենց դրա հետ: