Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպման ժամանակ քննարկվել են խաղաղապահ ստորաբաժանման կողմից առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:

Ռուստամ Մուրադովը ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալն է: Նա 2017 թ. Ռուսաստանի հերոսի կոչում է ստացել Սիրիայում զինվորական ծառայության համար:

Ռուստամ Մուրադովը ծնվել է Դաղստանում, ըստ Վիքիպեդիայի՝ էթնիկ թաբասարանցի է (ինքնանվանումը՝ թաբասարանար): Այս ժողովուրդը բնակվում է Դաղստանի հարավում, դավանում է հիմնականում սուննի մահմեդականություն: Բնակվում են նաեւ Ռուսաստանի այլ մարզերում, ինչպես նաեւ Ադրբեջանում, որտեղ ասիմիլյացվել են:

Հայկական հին աղբյուրներում անվանումը՝ թավասպար: