«Մենք չենք ուզում վիզներս ծուռ ապրել։ Արյունով գծված սահմանները, մեր հայրենիքը, որը մեր հայրերի, պապերի արյունով հետ բերվեց, հանձնեց այսօրվա իշխանությունը։ Խաբում են, սպառնում են, փորձում են պառակտել ժողովրդին»,– հայտարարել է ԲԿՀ քարտուղար Արման Աբովյանը՝ հազարավոր ցուցարարների հետ միասին կառավարության շենքի մոտ գնալու ճանապարհին։

Լրագրողների հետ զրուցելիս հայտնել է, որ կապ է հաստատել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբանի հետ, որը փոխանցել է, որ այս պահին ԱԱԾ–ում Ծառուկյանը հարցաքննվում է, այլ մանրամասների չի հաղորդել։ Նա նաև զերծ է մնացել Ծառուկյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման մասին իր կարծիքը հայտնել՝ նշելով, որ չի ցանկանում տրվել էմոցիաների, քանի որ իրենց կուսակցության համար սկզբունքային խնդիր է սթափ գնահատել իրավիճակը։

Աբովյանը ընդգծել է, որ գործող իշխանությունը, սադրիչներ ուղարկելով, փորձում է  ցուցարարներին սթափությունից հանել․ Արման Աբովյանի պնդմամբ՝ նրանք կամ զուգահեռ Հայաստանում են ապրում, չեն հասկանում, թե ինչ է կատարվում, կամ  ադեկվատությունից դուրս են եկել։