ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հույս ունի, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ի վերջո կդրսևորեն կամք և կներկայանան խորհրդարան։ Միաժամանակ հույս են հայտնում, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես կգա իր լիազորությունների շրջանակներում և չի շարունակի պասիվ կեցվածք դրսեւորել։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։ «Իրավիճակն առավել քան մտահոգ է, ես ուզում եմ արձանագրել, որ մեր համար պատմական, վճռորոշ իրադարձություններ են տեղի ունենում, ժողովրդի թիկունքում, մեջքի հետեւում դավադրաբար տեղի են ունենում գործողություններ, որը որպես փաստ, իրողություն ուզում են հրամցնել՝ ՀՀ քաղաքացուն, Արցախի քաղաքացուն և Սփյուռքին որպես իրողություն, որը որ իր մեջ որեւիցե պետականություն, կամ ժողովրդի շահեր պարունակող գործառույթ և կետ չի պարունակում»,- ասաց Էնֆիաջյանը, կոչ անելով նախագահ Արմեն Սարգսյանին պասիվ կեցվածքից դուրս գալ և ավելի կտրուկ հայտարարություններով և իրեն տրված գործիքակազմերից ելնելով ավելի կոնկրետ քայլեր իրականացնի։ «Թող կոչերով հանդես գա, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ո՞ւր են, ինչի՞ չեն գալիս։ Նրանք պետք է գիտակցեն, որ որպես պատգամավոր նրանք ունեն սահմանադրական առաքելություն և պարտականություններ և հայ ժողովրդի՝ այս պատմական իրադարության ժամանակահատվածում ինքնամեկուսանալ, գործողություններ չիրականացնել և պատասխանել լռությամբ մեղմ ասած անթույլատրելի է»,- ասաց Էնֆիաջյանը։ Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում բոլորը պետք է գիտակցեն, որ պատասխան են տալու իրենց արածի և չարածի համար։ Այլեւս լռելու և լռեցնելու ժամանակը չէ, և իրենք չեն պատրաստվում լռել։

ԱԺ փոխխոսնակն ասաց, որ ժողովրդի պահանջը հստակ է, և պատմությունը իշխանությանը չի ներելու։

Վահե Էնֆիաջյանը միաժանանակ հույս ունի, որ իմքայլականները պահի լրջությունը կհասկանան և կներկայանան խորհրդարան, քանի որ կառավարության անդամները լռելով և մի կողմ քաշվելով նրանց փաստի առաջ կկանգնացնեն։ «Թող գան, նրանց ընտրել են մեր երկրի քաղաքացիները, ինչպես նրանք էին ասում հպարտ քաղաքացիները, իսկ հպարտ որոշումներ չեն կայացնում, հպարտ քաղաքացի և հպարտ կեցվածք ունենալու համար պետք է դրա համար համապատասխան միջավայր դրսեւորել»,- ասաց Էնֆիաջյանը, եզրափակելով, որ իշխանությունների նման գործելաոճը բնավ հպարտ կեցվածքի մասին չի խոսում։