Առաջին անգամ ես ահազանգել եմ հոկտեմբերի երեքին, երբ հակառակորդը գրավել էր Մատաղիսը եւ Թալիշը, ու վտանգված էր մեր հյուսիսային ամբողջ հատվածը, երբ Եղնիկներ կոչեցյալ տեղամասից մեր զորքի մի մասը խուճապահար փախչում էր, չունեինք մարդկային ռեսուրսներ, որպեսզի գոնե Եղնիկներում գտնվող մեր տղաների թիկունքը պահեինք։ Եւ այդ օրը վաղ առավոտյան ես կոչ եմ արել եւ ասել՝ գնում եմ առաջնագիծ։ Ինձ համար այդ օրը պարզ էր, որ զորքի մի մասը խուճապահար էր, ոչ թե ՊԲ-ի, ԶՈՒ-ի, այլ առաջնագծում եղած զորքի, տարբեր կամավորականների եւ այլն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այդ օրը, երբ հատուկ ստորաբաժանումների հետ պիտի գնայինք, ՀՀ-ից եկած ԱԱԾ-ի մեր ամենաուժեղ ստորաբաժանումների, Արցախից եկած, հրաժարվում էին գնալ Եղնիկներ։ Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ ես եմ գնալու, ստացել եմ բացասական պատասխան, չեն եկել, թողել են երկրի նախագահին մենակ՝ առաջնագիծ գնալու ժամանակ։

Այսօր սրա մասին ստիպված եմ արտահայտվել, կհարցնեք ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին՝ ինչպես են մերժել խնդրանքս, աղաչել եմ, պաղատել եմ՝ գնում ենք առաջնագիծ, որովհետեւ զորքի առաջնային մասում գտնվող զորքի թիկունքը բաց էր։ Շատ քիչ զորք միացավ ինձ, մենք կարողացանք կատարել խնդիրը եւ դրա շնորհիվ Եղնիկներն ամբողջովին մեր վերահսկողության տակ են»,- ասաց Արայիկ Հարությունյանը: