ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 օդանավերը Հայաստան են տեղափոխել 400 ռուս խաղաղապահ զինծառայողների, անձնակազմը բեռնաթափել է օդանավերը եւ շարասյուն կազմել ծառայության կրման վայր տեղափոխվելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

«Ներկայումս ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 20 օդանավեր՝ ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության սպաների եւ 15-րդ խաղաղապահ մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումների զինծառայողների հետ վայրէջք են կատարել Հայաստանի Հանրապետությունում։ Ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավերը տեղափոխել են ավելի քան 400 զինծառայողների, զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ եւ կապի միջոցներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ հանրապետություն ժամանած խաղաղապահները օդանավերից բեռնաթափել են տեխնիկան եւ սպառազինությունը ու շարասյուներ կազմել կենտրոնացման վայր գնալուց առաջ։ «Երթն իրականացնելու համար տեխնիկան եւ սպառազինությունը անցել են սպասարկման եւ լեռնային շրջաններում երթեւեկության իրականացման պատրաստականության տեխնիկական ստուգում։ Շարժման երթուղիների համաձայնեցումից հետո ռուս խաղաղապահները կսկսեն երթը դեպի խաղաղապահ խնդիրների կատարման շրջաններ»,- հավելել են են ռազմական գերատեսչությունից։

Պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա կտեղափոխվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար:

ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ զորակազմի հիմքը կազմելու են Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները։ Գերատեսչությունից հստակեցրել են, որ հրադադարի մասին պայմանավորվածության կատարման վերահսկման նպատակով դիտակետեր են տեղակայվելու Լեռնային Ղարաբաղում շփման գծի ամբողջ երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով, որն ապահովում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կապը։ Խաղաղապահ գործողության հրամանատարությունը տեղակայվելու է Ստեփանակերտի շրջանում։