«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ կրկին գնում է Արցախ։

«Կրկին Արցախ եմ գնում… Ճանապարհին Դեր զորի պատկերն է դիմացս, իրերը (խմբ․ ) բեռնատարներով, ֆորդերով հանող արցախցիներ, հայրենազրկված մարդիկ, որոնցից շատերը իմ ընկերներն են։

Չեք մարսելու, արա։ Սենց սա չի ավարտելու, ձեր միսիան չեք ավարտելու»,- գրել է Աբրահամյանը։

Նշենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: