Ինձ հրավիրել են ԱԱԾ՝ քրեական գործի շրջանակում հարցաքննելու համար: Միջոցառման ավարտից հետո ներկայանալու եմ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և տալու եմ համապատասխան պարզաբանումներ: Այս մասին Ազատության հրապարակից դեպի Կառավարության շենք երթի ընթացքում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Վանեցյանը նաև հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը մի մարդ է, որ ձախողել է գործընթացները: «Նա ցույց տվեց, որ ոչ մի քայլ չկարողացավ ձեռնարկել և այդ դավաճանական փաստաթուղթը չստորագրել: Պետք են նոր բանակցություններ, իսկ նոր բանակցությունների համար՝ նոր բանակցող»,-ասաց նա:

Ըստ Վանեցյանի՝ իշխանությունները, մեղքը բարդելով ուրիշների վրա, փորձում են իրենց դավաճանական պլանը կյանքի կոչել: «Միակ մեղավորը գործող իշխանություններն են: Հայաստանում պարտվել է միայն Նիկոլ Փաշինյանը, և վերջ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում պետք է կայանար հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, սակայն մինչ հանրահավաքի մեկնարկը՝ սկսվեցին զանգվածային ձերբակալություններ, բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչներ արդեն բերման են ենթարկվել: Այս պահին հանրահավաքի մասնակիցները երթով գնում են Կառավարության շենքի մոտ: