Այս օրերին քաղաքացիները միմյանց և մեզ հանդիպելով մեկ հարց են տալիս՝ «էս ո՞նց սենց եղավ», «էս ո՞ւր հասանք»։ Շատերը դեռ փնտրում են իրենց զավակներին՝ հուսալով որ կգտնեն կենդանի կամ վիրավոր, կամ գոնե մահացած, բայց կգտնեն։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա գրել է. «Պատերազմի ավարտից հետո ամեն ժամ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում մենք տեսնում ենք անհեթեթ գրառումներ և ուղիղ եթերներ։ Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցներ ունեցան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Յուրաքանչյուրն իր մենախոսությամբ փորձում է բացատրել իրադրությունը, թե ինչը ոնց ստացվեց և յուրաքանչյուրը փորձում է բացատրել, որ իր պաշտոնից բխող առավելագույնն է արել։ «Էս ո՞նց սենց եղավ» կամ «ո՞րն է իմ մեղքը» հարցի պատասխանը տալիս են այս պարոնայք, բայց յուրաքանչյուրի խոսքը կարծես ցուցմունք լինի մեկը մյուսի նկատմամբ՝ խիստ հակասական և ստով շաղախված։

Դուք այլևս իշխանություն չունեք պարոնա´յք և այդ հարցերին դուք պատասխանելու եք բոլորովին այլ ձևաչափում։

Ակնհայտ է, որ այս ամոթալի էջը քննարկվելու և քննվելու է տարիներ: Մենք թույլ չենք տա, որ ցուցմունքի փոխարեն ժողովուրդը ստանա միայն մենախոսություններ։

Հայաստանում պետք է ստեղծվի փաստահավաք խումբ, որը կքննի պատերազմի նախապատրաստման շրջանը, կքննի պատերազմի մեկնարկը, կքննի յուրաքանչյուր գնդի, ջոկատի և զինվորի կորստի հանգամանքները։

Փաստահավաք խումբը կքննի բանակցային գործընթացը՝ հայկական կողմին և կողմից արված առաջարկներն ու կայացված որոշումների հիմնավորվածությունը։ Պատմության այս ամոթալի էջը չի’ կարող փակվել մակերեսային գնահատականներով և դրանից բխող մակերեսային հետևանքներով։

Դրվագ առ դրվագ պետք է իմանանք, թե ինչպես տվեցինք այդքան զոհ, ինչու ունենք այդքան վիրավորներ և անհետ կորածներ և վերջապես՝ ինչպես կորսվեցին Արցախի հանրապետության, ԼՂԻՄ հազարավոր քառակուսի կիլոմետրեր և ինչպես պարտավորվեցինք Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք հատկացնել Ադրբեջանին դեպի Նախիջևան։

Այս գործընթացը պետք է դառնա մեր պետության վերականգնման անկյունաքարը»։