Գերմանիան պետք է ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ իր գործընկերների հետ միասին մեծ ուշադրություն դարձնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, կարծում է Գերմանիայի Բունդեսթագի պահպանողականների խմբակցության արտաքին քաղաքական հարցերով փորձագետ Յուրգեն Հարդտը, փոխանցում է DW-ն»

Նրա խոսքով՝ հրադադարը «երկար շաբաթների ընթացքում առաջին անգան հնարավորություն է ստեղծում շտապ տարածաշրջան փոխադրել անհրաժեշտ հումանիտար օգնություն»։ Նա հիշեցրել է, որ Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 2 միլիոն եվրո է տրամադրել Լեռնային Ղարաբաղում մարդկանց սննդամթերք եւ ծածկոցներ, իսկ հիվանդանոցներ դեղորայք մատակարարելու համար։

Միաժամանակ ՔԴՍ/ՔՍՄ խմբակցությունն իր հերթին Թուրքիայից եւ Ռուսաստանից ակնկալում է հակամարտության խաղաղ կարգավորման հետագա որոնմանը ակտիվ մասնակցություն։ Սակայն, Հարդտի կարծիքով, Գերմանիան նույնպես պետք է ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ գործընկերներով մեծ ուշադրություն դարձնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ինչպես նաեւ ավելի ակտիվ, քան նախկինում, նպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ու տնտեսական մերձեցմանը։

Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունը «սկզբունքորեն ողջունում» է նաեւ ընդդիմադիր լիբերալների խմբակցության Կենտրոնական, Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի հարցերով փորձագետ, Բունդեսթագի արտաքին քաղաքականության հարցերի կոմիտեի անդամ Ռենատա Ալտը։ Նրան, սակայն, մտահոգում է Հայաստանում ծագած քաղաքական ճգնաժամը, որը սպառնում է երկրում իրավիճակի հետագա ապակայունացմամբ։

«Այն բանից հետո, երբ գերմանական կառավարությունը սպասեց հակամարտության թեժ փուլի ավարտին, հիմա Գերմանիան եւ ԵՄ-ն պետք է վերջապես նախաձեռնություն ստանձնեն եւ նպաստեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունների  վերսկսմանը»,- հայտարարել է նա։

Խորհրդարանական կոմիտեից նրա գործընկերը, Ձախ կուսակցության խմբակցության պատգամավոր Սեւիմ Դագդելենը կարծում է, որ հիմա՝ ռազմական գործողությունների դադարեցմանը հասնելուց հետո անհրաժեշտ է «ապահովել տարածաշրջանի հայ բնակչության պաշտպանությունը վտարումից եւ փախստականներին վերադառնալու հնարավորությունը»։ Դրանից բացի, Դագդելենը քննադատաբար է մեկնաբանում Ադրբեջանի համար ցանկալի Հարավային Կովկասում թուրքական զորքերի տեղակայումը՝ համարելով, որ «թուրք նախագահը ոչ թե խաղաղության պահապան է, այլ ահաբեկչության կնքահայր»։