Երբ հոկտեմբերի սկզբին Լեռնային Ղարաբաղի նկուղներում ադրբեջանական բանակի ռումբերից պատսպարվելու համար թաքստոց էի փնտրում, երբ պատերը ցնցվում էին, երբ տեսնում էի մարդկանց վախը, անընդհատ ինձ հարցնում էի՝ ինչո՞ւ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն չեն մտածում Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձությունների մասին, գրում է գերմանական հեղինակավոր Bild պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Փոլ Ռոնժեյմերը։

«Այժմ հրադադարը կնքվել է՝ առանց ԵՄ-ի և ՆԱՏՕ -ի և առանց ԵԱՀԿ-ի, որը հակամարտության շուրջ բանակցություններին մասնակցել է 1992 թվականից։ Սա լիակատար ձախողում էր, ամոթ Գերմանիայի համար՝ որպես այսպես կոչված Մինսկի խմբի անդամ»,- գրում է Ռոնժեյմերը։

Լրագրողի խոսքով՝ «հաշվի առնելով բնակչության շրջանում համաձայնագրի դեմ դժգոհության ալիքը՝ Փաշինյանը դժվար թե քաղաքական առումով վերապրի սա»։

«Նախագահ Ալիևը հայտնի ստախոս է։ Երբ այս շաբաթ BBC-ի թղթակիցը հարցրեց նրան, թե ինչո՞ւ է Ադրբեջանը նաև գնդակոծում քաղաքացիական օբյեկտները, նա պատասխանեց, որ դրանք «կեղծ լուրեր» են։ Երբ լրագրողը նշեց, որ BBC-ի լրագրողներն իրենց աչքերով են տեսել քաղաքացիական օբյեկտների վրա հրետանային ռմբակոծությունը, նա կրկնեց, որ այդ ամենը «կեղծ լուրեր են։ Ես ինքս ականատես եմ եղել ադրբեջանական բանակի դաժան հարձակմանը։ Երբ մենք ռեպորտաժներ էինք անում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից, մենք ամեն գիշեր անցկացնում էինք նկուղում։ Հարձակումները դաժան էին»,- գրում է լրագրողը։

Ռոնժեյմերը նաև ընդգծում է, որ մինչ հայկական կողմը թույլ էր տվել հակամարտության գոտում աշխատել մի շարք միջազգային լրագրողների, Ադրբեջանը թույլ չէր տալիս լրատվամիջոցների մուտքը։

«Ինչո՞ւ աշխարհը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն աչք փակեցին մարդկային կորուստների վրա։ Ադրբեջանի ստահոդ նախագահին չի կարելի վստահել։ Պետք են միջազգային դիտորդներ, որոնք կկանխեն Լեռնային Ղարաբաղում մարդկանց մահը։ Ղարաբաղում մարդիկ չեն ուզում հեռանալ։ Հարցն այն է, թե արդյոք նրանց հանգիստ կթողնեն։ Եվ արդյոք մենք շարունակելու ենք աչք փակել այս ամենի վրա, թե վերջապես կորոշենք տեսել իրականությունը»,- գրում է լրագրողը։

Tert.am