Տարբեր քայլեր կարելի է ձեռնարկել՝ փորձելով իրավիճակը փրկել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Այնպես չի որ պետք է մենք հանձնվենք եւ ամեն ինչ բացառված է։ Շատ պարզ է ամեն ինչ. էս մարդը որեւէ անելու ի վիճակի չի, ինքն իր անելիքն արեց, հանձնեց, պրծավ։ Ինքը պիտի հեռանա, ձեւավորվի ազգային կառավարություն։ Կան բազմաթիվ քայլեր եւ պայմանագրի վավերականության հարց, մենք այս պայմաններին չեն կարող համակերպվել, մենք հանձնելու հայրենիք չունենք։ Այս պայմանագիրը երկու մարդու է ձեռնտու եղել՝ Նիկոլին ու Ալիեւին։ Հենց հիմա իմ ընկերները եղնիկներից զանգում ու ասում են՝ պոստերից չենք իջնում։ Դեպքեր կան, որ զինվորն ինքն իրեն կրակում է, դիրքերից չի իջնում։ Ասում է՝ հասավ մի իրավիճակի, որ արդեն Ստեփանակերտն էինք կորցնում, ստիպված ստորագրեցի. բա չբերեիր, հասցնեիր էս վիճակին»,- ասաց Սաղաթելյանը։

Նա պնդեց, որ Նիկոլ Փաշինյանը ժամերի ընթացքում պետք է հեռանա վարչապետի պաշտոնից։

«Ծառուկյանին էլ մեղադրեց, Վանեցյանին էլ մեղադրեց, ժողովրդին է մեղադրում, հեսա գեներալներին կմեղադրի։ Ինքը բոլորին մեղադրելու է, ասելու է՝ բոլորը սխալ էին, ես ճիշտ էի։ Մենք շատ ենք արյուն թափել, ինքը դա պետք է հասկանա։ Հիմա չպետք է անի մի բան, որ կրկին արյուն թափի։ Իշխանափոխությունը պետք է լինի անցնում եւ հանգիստ»։