Մի պահ երևակայությանս ուժ տալով փորձում եմ պատկերացնել, թե ինչ կարող էր լինել Արցախն Ադրբեջանի կազմում նորից հայտնվելուց հետո բոլոր նրանց հետ, ովքեր եղել են ազատագրական շարժման ակունքներում և ժողովրդին առաջնորդել մեր հաղթանակներում:  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Կարծում եմ նրանց պատիժը կլիներ ոչ ավելի դաժան, քան այսօր այդ մարդկանց հանդեպ իրականացնում են Հայաստանի «հեղափոխական» իշխանությունները…

— Այս տողերը գրել եմ մոտ երկու տարի առաջ, երբ բռնադատում էին մեր պետականաշինության գործում մեծ ավանդ ունեցած ռազմական ու քաղաքական գործիչներին:

Այսօր ականատեսը լինելով Արցախում տեղի ունեցող զարգացումներին, համոզվում եմ, որ այդ աղետաբեր գործընթացը սկսելով՝ «հեղափոխական» իշխանությունները պատժում էին ոչ միայն այդ գործիչներին, այլև նրանց առաջնորդությամբ մեր բոլորիս կողմից ստեղծված Հայոց պետականությանը…

Արդյունքն ակնհայտ է, բայց, համոզված եմ, ոչ վերջնական: Ամեն ինչ հնարավոր է փոխել, եթե նորից սկսենք գործել պետական մտածողությամբ, այլ ոչ թե կեղծ քարոզչությամբ սեփական հանրությանը ապակողմնորոշելով… Սա է փրկության տանող մեր ճանապարհը: