Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2970 նոր դեպք: Տվյալները թարմացվել են կառավարական StopCov կայքում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Այսօրվա օրական աճը 43-ով ավել է, քան երեկվա ռեկորդային բարձր մակարդակը` 2927 դեպքը: 24 ժամվա ընթացքում առաջին անգամ հաստատված դեպքերի թիվը երկու հազարը գերազանցել էր միայն նոյեմբերի 4-ին: Այդ օրվանից ի վեր Վրաստանում ամեն օր ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում:

Վերջին օրվա ընթացքում վերականգնվել է 2.348 հիվանդ: Վերականգնվածների ընդհանուր թիվը 47 390 է:

22 հիվանդ մահացել է: Վրաստանում COVID-19-ից մահացել է ընդհանուր 521 մարդ:

Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում լաբորատոր ճանապարհով հաստատվել է վարակման 63 650 դեպք:

Այս պահի դրությամբ հիվանդանոցներում է գտնվում 4709 մարդ, իսկ քովիդ հյուրանոցներում` 3.066 մարդ:

Սեպտեմբերի սկզբից ի վեր երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացում է նկատվում: Վարակված մարդկանց թվի օրական աճն արդեն արտահայտվում է քառանիշ թվով եւ մոտենում է երեք հազարին:

Կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցրել` վարակման դեպքերի տարածման տեմպերը դանդաղեցնելու նպատակով: Երկուշաբթի` նոյեմբերի 9-ից, Վրաստանի յոթ խոշոր քաղաքներում ինչպես հետիոտնի, այնպես էլ ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը 22:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում արգելված է:

Տեղաշարժման արգելքը տարածվում է Թբիլիսիի, Քութաիսիի, Բաթումիի, Ռուսթավիի, Զուգդիդիի, Գորիի եւ Փոթիի բնակիչների վրա: Սահմանված արգելքի խախտման դեպքում երկու հազար լարի տուգանք է նախատեսված:

Ընդ որում, արգելքը չի տարածվում միջազգային ճանապարհային տրանսպորտի, ինչպես նաեւ այն անձանց եւ տրանսպորտային միջոցների վրա, որոնք տեղաշարժվում են ռազմավարական օբյեկտների գործառույթների իրականացման, ինչպես նաեւ բժշկական ծառայությունների մատուցման նպատակով, դեղագործական օբյեկտների, առաքման ծառայությունների եւ ԶԼՄ-ների համար:

Բացի այդ, յոթ խոշոր քաղաքներում երկուշաբթի օրվանից փակվել են մասնավոր եւ քաղաքային մանկապարտեզները:

Հասարակական տրանսպորտում կանգնած ուղեւորներն արգելված են: