Ռուս խաղաղապահներին տեղափոխող առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները Ուլյանովսկից մեկնել են Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։

«Առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները, որոնք իրականացնում են ռուս խաղաղապահների տեղափոխումն  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առաքելության կատարման տարածք, օդ են բարձրացել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից։ Օդանավում էին խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը, ավտոմոբիլային տեխնիկան, զրահափոխադրիչները և նյութական ռեսուրսները», — ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ևս հինգ ինքնաթիռ է մեկնել Լեռնային Ղարաբաղ։

ՌԴ ՊՆ-ում շեշտել են, որ ընդհանուր առմամբ խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղ է մեկնելու 1960 զինծառայող, ինչպես նաև 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: