Հայաստանում տեղի ունեցող հուզումները էմոցիաների պոռթկման արդյունք են`պայմանավորված հրադադարի համաձայնագիրը որպես պարտություն ընկալելու հետ. ռուս խորհրդարանականները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ ՝ խնդրի լուծմանն աջակցելու նպատակով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:

«Մենք արդեն արել ենք հնարավոր ամեն բան: Մենք կոչ ենք արել, հանդիպել ենք տարբեր խմբերի խորհրդարանականների հետ: Մենք ակտիվ բանակցություններ ենք վարել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի խորհրդարանականների հետ, որպեսզի որևէ սրացում չլինի: Մեզ համար ամենակարևորն այն է, որ խաղաղություն ու բարեկեցություն լինի»,-ասել է Վոդոլացկին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: