Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել հողերի հանձնման մի խայտառակ փաստաթուղթ, որը պարզապես աղետալի է Հայաստանի համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել հողերի հանձնման մի խայտառակ փաստաթուղթ, որը պարզապես աղետալի է Հայաստանի համար։ Փաստաթուղթ, որը կոտրելու է պետության ողնաշարը, զրոյացնելու է մեր ժողովրդի 30 տարվա սխրանքներն ու ձեռքբերումները։

Պատերազմի մեկնարկի պահից պետական դավաճանների այս խմբակը ժողովրդից իրականությունը թաքցնելով, սուտ եւ անհիմն լուրերով մարդկանց զգոնությունը բթացնելով՝ երկիրը հասցրեց այս աղետալի հանգրվանին։ Արդյունքում ունենք հազարավոր զոհեր, խեղված ճակատագրեր, անտուն մնացած ու անտերության մատնված փախստականներ եւ անդառնալի տարածքային կորուստներ։

Անցած 2.5 տարիներին բոլոր հնարավոր միջոցներով փորձել եմ բացատրել  եւ փաստերով հիմնավորել, որ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ դարձրած արտաքին ուժերը մեծ աղետ են նախապատրաստում Արցախի եւ հայ ժողովրդի համար։Բայց դուք, սիրելի՛ ժողովուրդ, համառորեն չէիք ուզում լսել իրականությունը։

Սոցիալական խնդիրներից ու անարդարությունից հոգնած, գործակալական ցանցի մանիպուլյացիաների ու հին իշխանության սխալների ու նորերից ամբոխահաճո ստերի պատճառով կուրացած եւ խլացած՝ դուք չէիք ուզում ո’չ տեսնել եւ ո’չ լսել։ Արդյունքում սուտը հաղթեց ճշմարտությանը, տգիտությունը հաղթեց բանականությանը, իսկ «ֆեյսբուքաՀայաստանը» հաղթեց իրական հայրենիքին։

Ես չեմ դիմում Նիկոլին եւ նրա դավաճանների խմբակին։ Նրանք պատրաստ են ամեն ինչի։ Նրանք բերվեցին  իշխանության այս օրվա եւ այս փաստաթուղթը ստորագրելու համար։

Ես դիմում եմ բոլոր հայերին, որոնց սիրտը ցավում է հայրենիքի համար, դիմում եմ նրանց, ովքեր 1991-ից ի վեր Արցախում թողել են իրենց արյունը, ծնողներին ու երեխաներին, նրանց, ովքեր այսօր էլ առյուծի պես կռվում են իրենց երեխաների ապագայի համար, պահանջեք, որ գոնե մեկ անգամ այս աթոռապաշտ անմեղսունակը հրապարակի թե ինչ է խոստացել ստորագրել Հայաստանի ու հայ ժողովրդի անունից։

Առավել եւս, որ խոստացել էր, թե Արցախին վերաբերող ցանկացած որոշում կայացնելու է հրապարակավ՝ ժողովրդի համաձայնությունը ստանալուց հետո։

Մարդիկ պետք է իմանան ինչ փաստաթուղթ է այժմ նախապատրաստվում։

Վաղը ուշ է լինելու, երկիր ենք կորցնում…»։