Բա ինչո՞ւ մի տարի առաջ չէր ասում մեծահարուստների գույքն ազգայնացնելու մասին, երկու տարի է անցել, ոչ մի բան չի արվել, մարդը անցյալ տարի ասաց, որ մենք օլիգարխներ չունենք, հիմա ի՞նչ օլիգարխի մասին է խոսում, պետք չէ «Կոմունիստ» թերթի պես սկիզբը վերջին հակասի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե ջարդարար օլիգարխների և մեծահարուստ պաշտոնյանների ողջ գույքը պետք է ազգայնացնել:

«Այսօր ոչ մի ղեկավար, ոչ մի օլիգարխ իրավունք չունի խոսելու. սուս ու փուս թող տեղները նստեն, նրանք այս վիճակի համար մեղավոր են՝ բոլորը»,-ասաց Եղիազարյանը։

Անդրադառնալով  Շուշիիում տիրող իրավիճակին՝ Մանվել Եղիազարյանը ասաց, որ առավոտյան է վերադարձել Արցախից, մարդիկ Շուշիի համար կենաց ու մահու կռիվ էին տալիս։

«Հասկացե՛ք մի բան, եթե դուք առանց զենքի գալիս եք իմ վրա, մենք հավասար չենք, բայց երբ ես էլ եմ զենքով, մենք հավասար ենք։ Հրետանին ռմբակոծում է, երեխեքը հրթիռակոծության տակ պառկում ու դիմանում էին, մեր հրետանին էլ պասիվ էր աշխատում։

Մենք չենք ուզում կռվել, էս քանի օրը տարօրինակ բաներ ենք նկատում, զորահավաք չենք անում, մի խոսքով  բաներ կար, որ կարելի էր հեշտ անել։ Կուբաթլուն և Զանգելանը կարելի էր մի գնդով ետ բերել, ինչո՞ւ չէին անում, ինչո՞ւ, ուրեմն միտում կար տալու։ Դուք գիտե՞ք, որ Զանգելանը գրավել են երեք «Պիկատ» մեքենայով. երեք մեքենան նստել, եկել են Զանգելան։ Այս ամբողջը մենք տեսել ենք, ուզում էինք, որ ուշքի գան, բայց ուշքի չեկան»,- ասաց Եղիազարյանը։