ՀՀ ԱԳՆ-ն  հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է,

«Նոյեմբերի 9-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքից դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ: Ըստ նախնական տվյալների՝ հարձակման արդյունքում կա երկու զոհ և մեկ վիրավոր:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը, զոհվածների ընտանիքի անդամներին և մարտական ընկերներին:

Հատկանշական է, որ այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ԼՂ հակամարտության գոտուց դուրս՝ մի վայրում, որտեղ այս ընթացքում չեն արձանագրվել որևէ ռազմական բախումներ: Այս տեսանկյունից, ադրբեջանական կողմի պնդումները և արդարանալու փորձերը կեղծ են և հիմնազուրկ:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ՌԴ ԶՈՒ հանդեպ իրականացված այս ոտնձգությունը:

Համոզված ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք»:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի  աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։