Իրանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը կշարունակի ճնշում գործադրել մինչեւ երդմնակալության արարողությունը, եւ, իր կանխատեսմամբ, ապագայում դժվար կլինի Բայդենի ղեկավարությամբ Միացյալ Նահանգներին վերադարձնել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր, հայտնում է Associated Press-ը:

«Իրականում նշանակություն չունի, թե ով կդառնա նախագահ հունվարի 20-ին` այն իմաստով, որ Իրանի հետ բանակցությունները միեւնույն է կկայանան»,- ասել է նա` հավելելով, որ նախագահական ընտրությունների արդյունքները վերջնական չեն համարվում, քանի դեռ հրապարակված չեն:

«Դեռ պետք է պարզել` արդյո՞ք հնարավոր է վերադառնալ ՀԳՀԾ»,- հավելել է Էլիոթ Աբրամսը:

Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ հույս ունի Միացյալ Նահանգները վերադարձնել համաշխարհային տերությունների հետ համաձայնագրի շրջանակներ, ըստ որի Իրանը կհամաձայներ սահմանափակել իր միջուկային գործունեությունը` միջազգային պատժամիջոցների չեղարկման դիմաց:

Նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ին դուրս բերեց այս համաձայնագրից 2018-ին եւ տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Իրանի դեմ:

«Մենք առավելագույն ճնշման պատժամիջոցների ծրագիր ունենք: Այն կշարունակվի նոյեմբերին, կշարունակվի դեկտեմբերին, քանի որ դա քաղաքականության հետ կապ չունի, դա ընտրությունների հետ կապ չունի»,- եզրափակել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը: