Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին այցելել Ստեփանակերտ՝ տեղում քննարկումներ ծավալելու համար: Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը մեր իրականության մեջ ինքնաբերաբար նոր օրակարգ է ձևավորել: Այն հայկական քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ քննարկելու և եղած ամբողջ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով դիմում եմ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին՝ Ստեփանակերտ այցելելու և տեղում քննարկումներ ծավալելու համար: Վաղը՝ նոյեմբերի 11-ին, պատրաստ եմ ընդունելու ՀՀ Ազգային ժողովում ներգրավված քաղաքական ուժերի ղեկավար կազմերին:  Այնուհետև հանդիպումների շարքը, ըստ նախատեսվածի, պատրաստ եմ շարունակելու նաև արտախորհրդարանական ուժերի հետ»,- գրել է Հարությունյանը: