ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը երկրի ամբողջ տարածքում դաշնային դատախազներին հրամայել է քննություններ անցկացնել ԱՄՆ վերջին նախագահական ընտրությունների վերաբերյալ ստացվող հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` հղում տալով Associated Press գործակալությանը:

Բարրը նշել է, որ հետաքննությունները պետք է իրականացվեն միայն այն դեպքում, եթե առկա են «խախտումների հստակ և հավաստի մեղադրանքներ», ինչպես նաև, եթե այդ խախտումները կարող են ազդել նահանգում քվեարկության արդյունքների վրա:

Ըստ ամերիկյան ԶԼՄ–ների՝ Բայդենը հաղթանակ է տարել Փենսիլվանիա նահանգում, ինչն ապահովում է ընտրիչների 20 ձայն: Այդպիսով, նա ստանում է 284 ձայն (ընտրվելու համար անհրաժեշտ է 270 ընտրիչի ձայն), մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 213-ը:

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն չի ընդունում պարտությունը և հայտարարել է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Ավելին, նա նաև հայտարարել է, որ ձայների մեծ առավելությամբ հաղթանակ է տարել երկրի ղեկավարի ընտրություններում: