Ագրեսիվ ադրբեջանցիները զանգվածային հալածանքներ և արյունալի վրեժխնդրություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում։ Մինչդեռ մեծ տերությունները նվազագույն քայլեր են ձեռնարկում վատագույնը կանխելու համար, գրում է շվեյցարական Neue Zürcher Zeitung պարբերականի լրագրող Անդրեաս Ռյուշը։

Խոսելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու և տարածքային զիջումների մասին՝ հոդվածագիրը նշում է, որ «Շուշիի անկումը հանգեցրել է նման դրամատիկ շրջադարձի»։

Հոդվածի հեղինակը նշում է, որ ադրբեջանական բանակի հետ Հայաստանի դեմ կռվել են Սիրիայից բերված վարձկաններ։

«Բաքվի ռեժիմն իր համար նոր տեխնոլոգիաներ էր բացահայտել պատերազմ վարելու համար և օգտագործում էր մեծ թվով մահաբեր անօդաչու թռչող սարքեր։ Բացի այդ, ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները հստակ հաշվարկել էին, որ այս աշունը հարված հասցնելու իդեալական պահն է. բռնությունից հրաժարվելու թույլ կոչերից ավելին ձեռնարկելու համար ԱՄՆ-ն չափազանց զբաղված էր նախընտրական արշավով, Եվրոպան՝ կորոնավիրուսի համավարակով, իսկ Ռուսաստանը՝ բելառուսական ճգնաժամով և ներքին խնդիրներով», — ասվում է հոդվածում:

Լրագրողի խոսքով՝ «Ադրբեջանը փորձում էր իր ագրեսիան արդարացնել նրանով, որ իբր միայն վերադարձնում է այն, ինչ ժամանակին եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի՝ միջազգային իրավունքով ճանաչված մասը։ Սակայն Բաքվի նկրտումները Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ, որն ավանդաբար բնակեցված է եղել մեծամասամբ հայերով, չափազանց վիճելի է։ Բացի այդ, ցինիկորեն օգտագործում էր միջազգային իրավունքը որպես փաստարկ, միաժամանակ խախտելով հրադադարի մասին համաձայնագիրը, գնդակոծելով բնակելի շրջանները և կիրառելով արգելված զենք»։