Բաքուն հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման առնչությամբ քրեական գործ հարուցելու մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ հետաքննությունն իրականացնելու է Նախիջևանի ռազմական դատախազությունը:

«Դատախազությունը ռազմական փորձագետների հետ հրթիռի արձակիչի, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի զննում է իրականացրել, հարցաքննել է դեպքի վայրում գտնվող ստորաբաժանման զինծառայողներին, առգրավել անհրաժեշտ փաստաթղթերը և անհրաժեշտ այլ քննչական գործողություններ իրականացրել»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ուղղաթիռը նախօրեին խոցվել է մարտական գործողությունների տարածքից դուրս հատվածում, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ, ևս մեկը միջին ծանրության վիրավորում է ստացել: Ադրբեջանական կողմն ավելի ուշ խոստովանել է, որ պատահմամբ է հարձակում գործել, ներողություն է խնդրել դրա համար և փոխհատուցումներ վճարելու պատրաստակամություն հայտնել: