Եվրամիությունը մտադիր է սոցցանցերին եւ մեսենջերներին պարտավորեցնել ահաբեկչության դեմ պայքարի նպատակով բացահայտել հաղորդագրությունների կոդավորումը, հաղորդում է Bloomberg-ը:

Այս մասին ասվում է ԵՄ ներքին գործերի նախարարների հանդիպման նախաշեմին արված հայտարարության մեջ:

Գործակալությունը նշում է, որ Ֆրանսիայում եւ Ավստրիայում վերջին հարձակումներն ահաբեկչությանը վերադարձրել են Եվրամիության քաղաքական օրակարգի առաջին տեղ: «Մենք պետք է եվրոպացիներին պաշտպանենք իսլամիզմից: Թվային տվյալների նկատմամբ հասանելիությունն առավել կարեւոր է դառնում»,-ասվում է հայտարարության մեջ:

Միեւնույն ժամանակ, նշվում է, որ «սոցցանցերն ու այլ պրովայդերները պատասխանատվություն են կրում, որպեսզի իրենց ծառայությունները չօգտագործվեն անօրինական գործունեության կամ ահաբեկչության, հանցավորության կամ ատելության քարոզչության համար»:

Փաստաթղթում ասվում է, որ պետք է ստեղծել գործիք «ահաբեկչական բնույթի նյութերը ջնջելու համար» դրանց մասին հաղորդվելուց առնվազն մեկ ժամ անց:

ԵՄ-ի կողմից քննարկվող առանձին բանաձեւն ուղղված է «կոդավորված տվյալների նկատմամբ հասանելիություն ստանալու համար տեխնիկական լուծումների» որոնմանը: Համաձայն փաստաթղթի, ինչպես նշում է Bloomberg-ը, այս ամիս ակնկալվում է, որ ԵՄ անդամ պետությունները պետք է «կոդավորման եւ անվտանգության միջոցով անվտանգության մասին» բանաձեւ ընդունեն:

Միեւնույն ժամանակ, գործակալությունը նշում է, որ տեխնոլոգիական ընկերությունների ավելի կոշտ վերահսկման ԵՄ առաջարկն ակնկալվում է արդեն դեկտեմբերին: Բացի այդ, Եվրահանձնաժողովը մտադիր է վերանայել առկա կանոնները՝ նպատակ ունենալով պատասխանատվության ենթարկել ագրեսիվ հաղորդագրությունների, ահաբեկչության քարոզման եւ այլ անօրինական կոնտենտի համար: