Հայաստանի եւ Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերի եւ ռազմական մի շարք գաղտնիքների մասին վարձատրության դիմաց ադրբեջանական հետախուզական ծառայություններին տեղեկություններ փոխանցած ՀՀ քաղաքացի Մ․ Ս․-ին մեղադրանք է առաջադրվել։

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան` տեղեկացրին, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության համար։

Մ․ Ս․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտվել է պետական դավաճանության եւս մեկ դեպք։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Մ․ Ս․-ն 2015թ. ընթացքում արտագնա աշխատանքի նպատակով գտնվել է Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում եւ հայտնվել այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում, իսկ Հայաստան վերադառնալուց հետո՝ 2019 թվականին, ընդունել վերջիններիս առաջարկը՝ համաձայնելով տեղեկություններ փոխանցել Հայոց բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների, իսկ վերջին շրջանում՝ նաև մարդկային կորուստների և այլնի վերաբերյալ։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Մ. Ս.-ն ձերբակալվել էր եւ տվել խոստովանական ցուցմունքներ:

Նշենք, որ սա հայկական զինված ուժերի վերաբերյալ գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հավաքագրման հայտնի դարձած երրորդ դեպքն է։ Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին, իսկ օրեր անց՝ հոկտեմբերի 4-ին, բացահայտվել էր նաեւ ՀՀ քաղաքացու օժանդակությամբ օտարերկրացի քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու դեպք։ Նախկին զինվորականը եւ հիշյալ օտարերկրացի քաղաքացին եւս կալանավորված են։