Գերմանական հեղինակավոր Bild պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Փոլ Ռոնժեյմերն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե իբր Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին լրագրողների հրապարակումներն ապատեղեկատվություն են:

Ռոնժեյմերն իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է, որ Ալիևը ստում է:

«Միայն BBC-ն չէ, որ գիտի՝ նախագահը կրկին ստում է: Մենք տեղում ենք երկու շաբաթ: Գրեթե ամեն օր և գիշեր տեսել եմ  քաղաքացիական հատվածների հրետակոծում: Կան բազմաթիվ լրագրողներ, որոնք կարող են ապացուցել, որ Դուք ստում եք»,-գրել է գերմանացին:

Bild-ի գլխավոր խմբագրի տեղակալը կիսվել է BBC-ի թղթակից Օրլա Գուերինի գրառմամբ, որում վերջինը մեջբերում է իր հետ հարցազրույցում Ալիևի խոսքերն առ այն, որ BBC-ի թղթակցի՝ սեփական աչքով տեսածը «կեղծ լուր է»:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակիչներին թիրախավորելու փաստերը «կեղծ» անվանելու Ալիևի խոսքերը քննադատության ալիք են առաջացրել Արցախում կատարվածն իրենց աչքով տեսած միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների մոտ: Սոցիալական ցանցերը հեղեղված են Ալիևին խայտառակող գրառումներով: