Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սրման ֆոնին Իրանն իր տարածքային ամբողջականության ապահովման համար հրետանային դիվիզիաներ է տեղակայել Հարավային Կովկասի հետ սահմանի երկայնքով, գրում է Azariha թելեգրամյան պորտալը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ այս քայն ուղերձ է տարածաշրջանի որոշ առաջնորդների և անձանց, որոնք անընդհատ սպառնում են Իրանին և օսմանիստների և թաքֆիրների (ահաբեկիչներ) համար ճանապարհ են բացել տարածաշրջան:

Ավելի վաղ Իրանի բանակի հակաօդային պաշտպանության շտաբի փոխհրամանատար Ամիր Ջադեր Ռահիմզադեն սահմանամերձ շրջաններ կատարած այցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել չմտնել Իրանի օգային տարածք, գրում է իրանական IRIB պարբերականը։

«Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին խորհուրդ ենք տալիս զգոնություն ցուցաբերել և ոչ մի պարագայում չմտնել Իրանի օդային տարածք։ Մենք շուրջօրյա հետևում ենք մեր օդային տարածքի անվտանգությանը և վճռականորեն դիմակայելու ենք ցանկացած ագրեսորի, պատասխանելու ենք ցանկացած սպառնալիքի»,- հայտարարել է նա Փարսաբադի Ասլանդուզ սահմանամերձ շրջաններ կատարած այցի ժամանակ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։