Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ ադրբեջանական բանակի ռազմական հաջողությունը նպաստավոր կլինի Բաքվի հետևում կանգնած Թուրքիայի համար, որը կարող է հետագա նվաճումների դիմել՝ թիրախավորելով ռուսական Ղրիմը: Այս հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Իգոր Ստրելկովը՝ YouTube-ի իր ալիքում խոսելով թուրքական հնարավոր էքսպանսիայի մասին, գրում է topcor.ru-ն։

Ըստ Ստրելկովի՝ Թուրքիայի գործողությունները դուրս են ԼՂՀ-ի և Անդրկովկասի սահմաններից. ադրբեջանական զորքերի հարձակումները թուրքերի համար լայն հնարավորություններ են ստեղծում իրենց ազդեցության ոլորտն ընդլայնելու համար՝ սպառնալիքներ ստեղծելով անմիջապես Ռուսաստանի համար։

«Թուրքիան մտնում է Անդրկովկաս և այնտեղից չի հեռանա։ Եթե հաղթեն Անդրկովկասում, թուրքերը իրենց առջև կդնեն հերթական խնդիրները, իսկ նրանք արդեն փաստացի չեն թաքցնում դրանք»,- հայտարարել Է ԴԺՀ պաշտպանության նախկին նախարարը:

Նրա խոսքով՝ Թուրքիան չի բավարարվի Լեռնային Ղարաբաղով, և Անկարայի հաջորդ նպատակը կարող է լինել Ղրիմը: Եթե ավելի վաղ Էրդողանի կուսակցության պատգամավորները ակնարկում էին, որ Ղրիմը պետք է թուրքերինը լինի, ապա այժմ նման հռետորաբանություն ունի նաև երկրի նախագահը։

«Էրդողանն արդեն խոսել է այն անարդար պայմանագրերի մասին, որոնց պատճառով «Ռուսաստանը Թուրքիայից խլել է Ղրիմը»»,- ընդգծել է փորձագետը:

Ստրելկովը նշել է, որ այդ կապակցությամբ կարևոր նշանակություն ունի Ուկրաինայի տարածքում թուրքական հարվածային դրոնների արտադրության վերաբերյալ Անկարայի և Կիևի միջև համաձայնությունը։