Էստոնիայի ՆԳ նախարար, Պահպանողական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Մարտ Հելմենը հրաժարական կտա ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին հայտարարությունից հետո: Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսին հայտարարել է ինքը` նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Երեկ երեկոյան, տեսնելով զրպարտությունն ու սուտը [էստոնացի այլ քաղաքական գործիչների կողմից], ես որոշեցի հրաժարական տալ, — ասաց նա:- Ես պարզապես կուշտ եմ: Ես ոչինչ չեմ արել, ինչը կարող էր վտանգել անվտանգությունը, ես չեմ ասել մի բան, ինչը չէին ասի ամերիկյան բոլոր ազատ լրատվամիջոցները»:

ՊՇԿ-ի փոխնախագահը նոյեմբերի 8-ին TRE-ի եթերում Ջոզեֆ Բայդենին եւ նրա որդի Հանթերին «կոռումպացված դեմքեր» էր անվանել, իսկ ֆինանսների նախարար Մարտին Հելմենը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ավելի ուշ Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասն այս հայտարարություններն անհեթեթ էր անվանել եւ կոչ էր արել «անհապաղ դադարեցնել Էստոնիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների խարխլումը»: Երկրի նախագահ Քերսթի Կալյուլայդը հայտարարել էր, որ մտադիր է Ազգային պաշտպանության խորհուրդ հրավիրել այս հայտարարությունների պատճառով:

Նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում համընդհանուր ընտրություններ անցկացվեցին: Ձայների հաշվարկը շարունակվում է, սակայն ամերիկյան առաջատար լրատվամիջոցները կանխատեսում են Բայդենի հաղթանակը: Ըստ Fox News-ի եւ Associated Press-ի` Թրամփն ունի 214 ընտրիչի աջակցությունը, իսկ նրա մրցակիցը` 290 (հաղթելու համար անհրաժեշտ է 270): Թրամփը չի ընդունել իր պարտությունը եւ ասել է, որ մտադիր է պաշտպանել իր դիրքերը դատարանում: