Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձեւ է ընդունել՝ ի սատարումն Արցախի։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԳ-ն:

Բանաձեւում, մասնավորապես, նշված է․

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի բանակը հարձակվել է  Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրա: Այս հարձակման ընթացքում, ռազմական օբյեկտների հետ մեկտեղ, հրթիռակոծվել ու ռմբակոծվել են նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները (բնակարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ եւ այլն), հատկապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտում:

Այդ ժամանակվանից ի վեր` քաղաքացիական եւ զինվորական բազմաթիվ զոհերից եւ նյութական լուրջ վնասներից հետո, երկու կողմերն էլ համաձայնվել են հրադադար հաստատել, սակայն այն ամբողջապես չի հարգվում:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ալկիսայի քաղաքային խորհուրդը.

—  Իր համերաշխությունն է հայտնում Արցախի ժողովրդին եւ իր ցավակցությունն է հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին:

— Կոչ է անում միջազգային հանրությանը եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին քայլեր ձեռնարկել՝ զինադադարը կայուն եւ ամուր դարձնելու ուղղությամբ:

— Վերահաստատում է, որ Արցախի բարդ պատմական հարցի միակ կենսունակ եւ կայուն լուծումը պետք  է բխի ազնիվ երկխոսության եւ կառուցողական բանակցությունների, եւ այն պետք է հիմնված լինի Արցախի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության կամարտահայտության վրա:

— Ալկիսայի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել միջազգային համագործակցության շրջանակներում ամենամյա հատկացվող միջոցներից մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար: