Շվեյցարական Tages-Anzeiger հրատարակությունն ադրադարձել է Թրամփի ղեկավարման տարիներին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններին՝ նշելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփի նախագահությունից շատ ավելին է ակնկալել, սակայն ԱՄՆ նոր ղեկավարի հետ նրան շատ ավելի դժվար կլինի աշխատել:

Հրատարակությունը պատմում է Ջո Բայդենի հարցազրույցներից մեկի մասին, որում վերջինս պատմել էր 2011 թվականին Մոսկվա կատարած այցի և այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին: Նշվում է, որ Բայդենը հանկարծակի շատ մոտ է կանգնել Պուտինին և ասել. «Պարոն վարչապետ, նայում եմ ձեր աչքերին ու մտածում, որ հոգի չունեք», ինչին ի պատասխան՝ վերջինս ժպտացել է ու ասել. «Հասկանում ենք իրար»:

Հրատարակությունը ենթադրում է, որ այս դրվագը ցուցադրում է այն, թե ինչ է Մոսկվան սպասում Բայդենից. բացարձակ ոչ շողոքորթ վարքագիծ, կոշտ քննադատություն: Կանխատեսվում է, որ մեծանալու է հետագա պատժամիջոցների սահմանման ռիսկը, միևնույն ժամանակ Վաշինգտոնի հետ Մոսկվայի հարաբերությունները շատ ավելի կանխատեսելի կդառնան:

Նշվում է, որ ի տարբերություն 4 տարի առաջ կայացած ընտրություններին՝ այս անգամ Կրեմլը չի կարողացել որոշել՝ թեկնածուներից ով իր համար առավել քիչ չարիք կբերի. Թրամփը՞, որը Մոսկվայի առջև չէր պահում խոստումները, թե՞ Բայդենը, որը որևէ խոստում չի տալիս և որը հետագայում ավելի շատ ճնշում է գործադրելու:

Հրատարակությունը նշում է, որ Թրամփն Կրեմլի համար քիչ օգտակար է եղել, նրա կառավարությունը Ռուսաստանի դեմ 46 պատժամիջոց է սահմանել ու գործողներն էլ երկարաձգել: Թրամփի օրոք ԱՄՆ-ն դուրս է եկել զենքի պայմանագրերից, որոնք Ռուսաստանը կցանկանար պահպանել: Բացի այդ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սպառնալիքներ են հնչեցվել նաև «Հյուսաիսային հոսք 2» գազամուղի կառուցման ծրագրի համար: Իսկ ահա Սպիտակ տան ղեկավարության փոփոխությունից հետո վերջին երկու կետի առումով իրավիճակը կարող է բարելավվել Մոսկվայի համար:

«Առավել հավանական է, որ Ջո Բայդենը եվրոպացիներին հնարավորություն տա «Հյուսիային հոսք 2»-ի շուրջ որոշումներ կայացնել, քանի որ  կցանկանար վերջիններիս հետ բարելավել հարաբերությունները: Ի տարբերություն Թրամփի՝ Բայդենը անկեղծ հետաքրքված է զենքի վերահսկմամբ»,- ասվում է հոդվածում:

«Մյուս կողմից Բայդենը վերականգնելու է հարաբերությունները այն ուղղություններով, որոնք ձեռնտու չեն Պուտինին: Ի վերջո Թրամփի՝ «Ամերիկան բոլորից առավել» քաղաքականությունն ամենից առաջ ձեռնտու էր Կրեմլին, քանի որ դրանով Սիրիայում նա պատերազմի դաշտը զիջել էր  Պուտինին, ուկրաիական հակամարտությանն էլ քիչ հետաքրքրություն էր ցուցաբերում: Թրամփը թուլացրել էր արևմտյան ժողովրդավարական պետությունների դաշինքը, ՆԱՏՕ-ի գործընկերների շրջանում տարակուսանք հարուցել և քայքայել ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը: Իսկ այդ ամենում Պուտինն իր համար առավելություն էր տեսնում»,- եզրափակել է հրատարակությունը: