Դեռեւս հոկտեմբերի 27-ին, ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել էին վարչապետին՝ առաջարկով հրավիրել Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, որովհետեւ արդեն այդ ժամանակ կային բազմաթիվ կուտակված հարցեր, որոնց պատասխանելու կոմպետենցիան բացառապես ԱԽ անդամներին էր պատկանում, սակայն այդ առաջարկը արձագանք չգտավ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Իշխանության ներկայացուցիչները սահմանափակվեցին վարչապետի մամուլի խոսնակի այն հայտարարությամբ, թե  օրեր առաջ այդ ձեւաչափով հանդիպում արդեն իսկ կայացել է: Սա ինձ համար տարօրինակ ձեւակերում է, որովհետեւ ռազմական դրության պայմաններում, երբ յուրաքանչյուր պահի սահմանին իրավիճակ է փոխվում, կարծում եմ՝ ԱԺ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները եթե գտնում են այդ անհրաժեշտությունն ու հրամայականը, ապա հարկ է, որ դրան որոշակի արձագանք լիներ:

Անցել է երկու շաբաթ, այդ հարցերին պատասխաններ չեն ստացվել, դրանց նոր հարցեր են գումարվել եւ այսօր առավել քան անհրաժեշտ հրամայական ենք դիտարկում վարչապետի հետ հրատապ հանդիպման անցկացումը»,-ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ դեռեւս վարչապետից որեւէ  արձագանք չունեն:

Նա վստահություն հայտնեց, որ որեւէ մեկի համար կասկած չկա, որ 100-տոկոսանոց տեղեկատվությանը տիրապետում են բացառապես իշխանությունները, վարչապետը, ԱԽ անդամները. «Այս դեպքում ԱԺ-ում ներկայացված երկու ընդդիմադիր ուժերը առավել քան իրավասու են ունենալ ցանկություն տիրապետել ինֆորմացիայի, որը կապված է Արցախի եւ Հայաստանի սահմանների անվտանգության հետ»:

Հարցին, թե ի՞նչ արդյունքներ է տվել ԲՀԿ պատվիրակության՝ ՌԴ այցը, պատգամավորը պատասխանեց, որ քննարկումների հետ կապված շատ չակերտներ չի կարող բացել. «Այցի շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի, ինչպես նաև Պետդումայի այլ քաղաքական ուժերի ղեկավար կազմերի ներկայացուցիչների հետ։ Բնականաբար, քննարկման առանցքում եղել է Արցախի հարցը։ Այլ մանրամասներ չեմ կարող փոխանցել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի շուրջ ԲՀԿ դիրքորոշմանը, ապա Իվետա Տոնոյանը նշեց, որ այս պահին առավել քան անհրաժեշտ է վերականգնել ՌԴ-ի հետ լիարժեք հարաբերությունները։

Պատգամավորը տեղեկացրեց, որ իրենք նաև պարբերաբար հանդիպում են արտախորհրդարանական ուժերի հետ։ Նա հայտնեց, որ այս պահին քննարկումներն ընթացքի մեջ են, և ինքն այլ բան չի կարող փոխանցել։

Հարցին, թե արդյոք վարչապետի հրաժարականի պահանջ կարող է լինել այդ հանդիպումների արդյունքում, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.

«Երբ կլինի հայտարարություն, բնականաբար, բոլորը դրա մասին տեղյակ կլինեն»։

Դիտարկմանը, որ այսօր «CNN»-ը, հղում կատարելով Անկարայում իր դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ Պուտին-Էրդողան հանդիպում է եղել, և նշվում էր, որ թուրքական կողմը բանակցությունների նոր ձևաչափի մասին է խոսում, ըստ որի՝ ԵԱՀԿ-ից դուրս կարող է այլ հարթակ ստեղծվել բանակցությունների համար, Իվետա Տոնոյանն արձագանքեց, նշելով, որ թուրքական կողմի երազանքներն ու նկրտումները մեզ համար չպետք է կարևորություն ներկայացնեն. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը գործուն է, ենք այդ ձեւաչափում աշխատում ենք»: