Հայրենիքի համար մղվող պայքարում զոհված Գեղամ Ուզունյանը Արարատի մարզի Ավշար համայնքից էր։ Գեղամ Նշանի Ուզունյանը ծնվել է 1994 թվականին: Սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Գերազանց ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայում: Հինգ տարի սովորելուց հետո, գերազանց ավարտելով նաեւ այս ուսումնական հաստատությունը, արժանանալով ՌԴ պաշտպանության նախարարի խրախուսանքներին, վերադառնում է Հայաստան: Ստանալով լեյտենանտի կոչում ծառայության է անցնում Արցախում: Իր գերազանց ծառայության մեկ տարում ստացել է ավագ լեյտենանտի կոչում: Եվս մեկ տարի անց ստացել է կապիտանի կոչում: Գեղամին վստահված էր նաեւ հետախուզության բաժնի պետ լինելու պատասխանատու աշխատանքը: Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի։


Irakanum.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողի զարմուհին՝ Հասմիկ Ուզունյանը պատմեց, որ հորեղբոր որդին՝ հերոս Գեղամը 13 օր շրջափակման մեջ է եղել։ Շնորհիվ իր ռազմական գիտելիքների և հրամանատարական հմտությունների կարողացել է դուրս գալ շրջափակումից։ Դրանից հետո Գեղամ Ուզունյանը ստացել է կապիտանի կոչում։ «Կոչումը ստանալուց երկու օր հետո, ցավոք եղբայրս զոհվել է։ Հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից է զոհվել․․»,- նշեց Հասմիկ Ուզունյանը։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին։


Ընտանիքում վստահ էին, որ Գեղամը կկարողանա մինչև վերջ կռվել, արձանագրելով բաղձալի հաղթանակը։
Հասմիկ Ուզունյանը պատմեց, որ եղբայրը ամուսնացած էր ուներ 1.5 տարեկան աղջիկ։ Ծառայության անցնելով Արցախում ընտանիքին ևս այնտեղ էր տարել։ Պատերազմական գործողություններից մեկնարկից հետո հորեղբայրը գնացել էր Արցախ, հարսին և թոռնուհուն տեղափոխել հարազատ գյուղ։ Անհամբեր սպասել են նաեւ Գեղամի հաղթական վերադարձին։ Այդ ընթացքում հեռախոսով քիչ են զրուցել։

«Շատ քիչ էր զանգում, միայն զանգել է մի քանի անգամ, ասել է, լավ է, ամեն ինչ նորմալ է։ Շրջափակումից դուրս գալուց հետո զանգել և ասել է, որ երկու օրից տուն է գալու, մի փոքր հանգստանալու, սակայն երկու օր անց զոհվել է․․․․»,-ասաց Հասմիկ Ուզունյանը։
Գեղամ Ուզունյանը ունի երեք քույր։ Ընտանիքի միակ արու զավակն էր։ Քույրերին մշտապես ասել է, որ նրանց որդիներն անպայման ծառայելու են, չէ, որ գեներալ քեռի են ունենալու։
Գեղամ Ուզունյանին հուղարկավորել են հարազատ Ավշար գյուղում։


Ընտանիքում չեն համակերպվում նրա կորստի հետ։ Ամենադժվարը փոքրիկ դստեր՝ Արփիին բացատրելն է։ Անդադար հորն է փնտրում։ «Բալիկը շատ լավ խոսում է, նկարին ամեն երեկո նայում ու ասում է՝ պապա ջան հաջող, բարի գիշեր, կամ որ զանգ է գալիս ինչ-որ մեկի հեռախոսին, ասում է պապան է զանգել, տեսնում է մեքենա, ասում է՝ պապան եկավ․․․․․․․»,-նշեց Հասմիկ Ուզունյանը, եզրափակելով․ Փառք մեր հերոս Գեղամին որ հավերժի ճամփորդ դարձավ… Եղբայրս ցանկանում եմ ասել, որ միշտ կենդանի ես լինելու մեզ համար, հիշատակդ վառ ենք պահելու մեր սրտերում, ուրախության ժամանակ սեղանի շուրջ քո տեղն ես ուենալու, սիրտս ցավում է, որ քո տեսակը չկա։Մեկ ազնիվ ու բարի հոգի էլ բարձրացավ վեր»։

Փայլակ Ֆահրադյան