2020 թ. նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Կորսիկա շրջանի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի և Արցախի Հանրապետության ճանաչման: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն:

Բանաձևում մասնավորապես նշված է, որ Կորսիկայի Խորհրդարանը.

•  Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական ագրեսիան և անընդունելի է համարում ուժի այդ կիրառումը:

•  Իր անսասան աջակցությունն է հայտնում խաղաղության և ազատության ձգտող հայ բնակչությանը:

•  Դիմում է Միավորված ազգերի կազմակերպության և Եվրամիության բոլոր անդամ պետություններին՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու կոչով՝ հաշվի առնելով, որ դա կնպաստի Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության տևական կարգավորմանը:

•  Կոչ է անում Միավորված ազգերի կազմակերպության և Եվրամիության բոլոր անդամ պետություններին հաստատակամորեն ներգրավվել հակամարտության լուծման և Արցախի ու նրա բնակչության համար տևական խաղաղության հաստատման ուղիների որոնման հարցում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։