ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արեւելյան տարածքային կենտրոնը դիտարկել է, թե ինչպես են պահպանվում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները մի շարք համայնքապետարաններում։ Այս մասին տեղեկացրին ԱԱՏՄ-ից։

Ստուգայցեր են իրականացվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Մայակովսկի, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Սարուխան և Գանձակ համայնքներում: Մասնագիտական խմբերի դիտարկման տիրույթում են եղել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքային գրասենյակները, առողջության առաջնային պահպանման կենտրոնները և փոստային բաժանմունքները։

Վարչական ստուգայցերի արդյունքում արձանագրվել են խախտումներ, մասնավորապես, ջերմաչափման գրանցամատյանների թերի լրացման, դիմակների թերի կրման, ախտահանման նյութերի մակնշման կամ ոչ համապատասխան տոկոսայնությամբ ախտահանիչ նյութերի օգտագործման սահմանված կանոններում:

Բժշկական հաստատություններում նկատվող թերություններն առավելապես վերաբերում են բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներին, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերմանը և մանրէազերմանը։
Տրվել են խախտումների անհապաղ վերացման ցուցումներ։՛

Հիշեցնենք, որ տնտեսավարող սուբյեկտի մոտ խախտում արձանագրելը ենթադրում է տուգանքի նշանակում։ Տվյալ դեպքում անհապաղ կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն, տրվում է հանձնարարագիր՝ ողջամիտ ժամկետում վերացնելու արձանագրված խախտումները։