2020 թվականի նոյեմբերի 5-ին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է Բաց կառավարման գործընկերության կողմից կազմակերպված «Վերակառուցելով ավելի լավը. իրական շահառուների թափանցիկության դերը ճգնաժամի ընթացքում» խորագրով հեռավար հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Հարավային Ասիայի և համագործակցության հարցերով պետնախարար Ուիմբելդոնի լորդ Ահմադը, Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի փոխնախագահ Էլիսա դե Անդա Մադրազոն, Միջազգային արժութային ֆոնդի, Բաց կառավարման գործընկերության բարձրաստիճան պաշտոնյաներ։

Քննարկման ընթացքում նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել Բաց կառավարման գործընկերությանն արդյունավետ համագործակցության և իրավաբանական անձանց իրական շահառուների թափանցիկության բարձրացմանն ուղղված շարունակական աջակցություն տրամադրելու համար: Նախարարն իր ելույթում վերահաստատել է իրական շահառուների բացահայտման ուղղությամբ Հայաստանի՝ որպես առաջնորդող պետության հանձնառությունը։ Ռուստամ Բադասյանն այդ առումով ներկայացրել է վերջին ժամանահատվածում իրականացված հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումները, իրական շահառուների վերաբերյալ առկա իրավակարգավորումներն ու նախատեսվող ինստիտուցիոնալ փոփոխությունները։ Իր խոսքում նախարարը կարևորել է իրական շահառուների բացահայտմանն ուղղված բաց ու հանրամատչելի հայտարարագրերի ինստիտուտի ներդրումն ու ներկայացրել այս ուղղությամբ Հայաստանում ձեռնարկված աստիճանական փոփոխությունները։

Բրիտանացիների կողմից կազմակերպված միջոցառման շրջանակում նախարարն անդրադարձել է նաև Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ մատնանշելով ռազմական գործողություններում մեծաքանակ վարձկան-ահաբեկիչների մասնակցությունը, ինչպես նաև միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից հավաքագրված պատերազմական հանցագործությունները հավաստող ապացույցները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է օրենսդրական և այլ մեխանիզմների շարունակական մշակման կարևորությունը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործում՝ միաժամանակ կոչ անելով նախաձեռնության առաջնորդող մյուս պետություններին՝ գործնականում ապահովելու սահմանված առնվազն նվազագույն չափորոշիչները, նշելով, որ հակառակ դեպքում, հասարակությունները չեն ընդունի այս փոփոխությունները և չեն հավատա, որ բարեփոխումներն անհրաժեշտ են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ իրական պայքարի համար։

Նախարարը հույս է հայտնել, որ պետությունների միասնական ջանքերն առարկայական արդյունքների կհանգեցնեն և կներդվեն հաշվետվողականության պատշաճ մեխանիզմներ այն պետությունների դեմ, որոնք ոչ միայն մերժում և չեն իրականացնում նվազագույն չափորոշիչները, այլև հենց իրենք ներգրավված են ահաբեկչության ֆինանսավորման գործում։