««Միասնություն» շարժումը կոչ է անում Հայաստանի և Արցախի  հանրապետությունների նախագահներին  և բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին օր առաջ համախմբվել և քննարկել մեր երկրին պատուհասած պատերազմական իրավիճակի ելքը:

Երկրի համար օրհասական այս պահին անհրաժեշտ է մեկտեղել ուժերը, հանդես գալ միասնական առաջարկներով, փորձի փոխանակմամբ, օգտագործել աշխարհաքաղաքական կապերը և ռեսուրսները:

Ունենք շուրջ 2000 զոհ, տարածքային կորուստներ, Շուշիի մերձակայքում ծանր մարտեր են, լուրջ վտանգի տակ է Արցախի և Հայաստանի անվտանգությունը. այս պայմաններում անթույլատրելի է ողջ ծանրությունը թողնել իշխանությունների ուսերին: Պետք է համախմբվել և միասնաբար երկիրը հանել ստեղծված իրավիճակից:

Խիստ կարևորում և առանցքային նշանակություն ենք տալիս Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ օպերատիվ  գործողությունների կազմակերպմանը և  իրականացմանը, քանի որ ահաբեկիչների լայնածավալ ներգարվվածությամբ իրականացվող այս պատերազմը լրջագույն վտանգ է  ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ տարածաշրջանի համար և այս համատեքստում մեր հուսալի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը հենց ՌԴ-ն է:

Հարկավոր է հասկանալ և ճիշտ գնահատել իրավիճակի լրջությունը, այս պատերազմում որքան վտանգավոր է խուճապի տարածումը, նույնքան վտանգավոր է պաթոսի այսչափ բարձր մակարդակը, այնուհանդերձ պատերազմն ընթանում է. համոզված ենք` մենք և մեր տղաները հերոսաբար մարտնչելու ենք և վստահ ենք՝ ամեն գնով պահելու ենք Արցախը»: