«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ից աշխատանքային այցով Արցախ է գործուղվել իմքայլականների 12 հոգանոց պատվիրակություն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Ուշագրավ է, որ, համաձայն ԱԺ նախագահի կարգադրության, վերադարձի ժամկետ չի նշվում, եւ դատելով վերջին օրերին ԱԺ-ում ընդունած որոշումներից եւ կարգադրություններից՝ Արարատ Միրզոյանը դեռ չի վերադարձել։

Թե ինչ աշխատանքներ են իրականացնում իշխանականները Ստեփանակերտում, մենք առաջիկայում, հավանաբար, առիթ կունենանք լսելու նրանցից։ Իսկ երեկ համացանցում ակտիվորեն տարածում էին Աննա Հակոբյանի, որդու՝ Աշոտի, Հակոբ Սիմիդյանի եւ Արարատ Միրզոյանի լուսանկարը՝ հավանաբար Արցախի հյուրանոցի համարում արված։

Չնայած մեկնաբանություններ եղան, թե դա հոկտեմբերի առաջին օրերի լուսանկար է, բայց Միրզոյանն Արցախ է մեկնել 17-ին։ Ի դեպ, մենք օրերս գրեցինք, որ խորհրդարանականների ԱՄՆ այցը չեղարկվել է, խորհրդարանից մեզ փոխանցել էին, որ դա պայմանավորված է երկրում հայտարարված ռազմական դրությամբ, մինչդեռ տեղեկացանք, որ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հոկտեմբերի 28-ից մինչեւ նոյեմբերի 1-ը գործուղման է մեկնել Թբիլիսի՝ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու առաքելությամբ։

Իսկ ԼՀԿ-ական պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Անի Սամսոնյանը հրաժարվել էին այդ գործուղումից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում