ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ, հանձնառություն է ստանձնել օժանդակել մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացնելու հարցում: Այս մասին հայտնում են Հանրային պաշտպանի գրասենյակից։

Հատուցման կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ստացմանն առնչվող իրավական խորհրդատվություն ստանալու համար զոհված զինծառայողի ընտանիքի՝ շահառու հանդիսացող անդամները (ծնող, կին/ամուսին, երեխա) կարող են դիմել ինչպես ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Երևանի նստավայր (հասցե՝ Զաքյան փողոց, 7-2 շենք), այնպես էլ մարզային նստավայրեր:

Առանձին խնդրահարույց հարցերի հետ կապված ևս տրամադրվող իրավաբանական օգնության շրջանակներում կձեռնարկվեն հնարավոր միջոցները փաստաթղթավորումը պատշաճ կազմակերպելու կամ փաստաթղթային խոչընդոտները վերացնելու ուղղությամբ: Իրավական խորհրդատվությունը տրամադրվում է անվճար հիմունքներով։

Հանրային պաշտպանների ցանկին, կոնտակտային տվյալներին և նստավայրերի հասցեներին՝ ըստ մարզերի կարող եք ծանոթանալ՝ այստեղ։