Այսօր օրվա ընթացքում մարտեր են ընթացել Մարտունիի ուղղությամբ. թշնամին փորձել է  Մարտունիի վրա հարձակում իրականացնել զրահատեխնիկայի օգնությամբ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կորցնելով 1-2 միավոր զրահատեխնիկա, հակառակորդը հետ է շպրտվել  ելման բնագծեր՝ թողնելով դիակներ:

Բացի այդ, Բերձորից հարավ մարտեր են ընթացել, մի քանի անգամ փորձել են առաջ գալ, չեն կարողացել, կորուստներ են կրել: Նույնիսկ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել այդ ուղղությամբ:

Այլ ուղղություններում ակտիվ մարտական գործողություններ չեն եղել, բայց ողջ օրը եւ դիրքերի, եւ բնակավայրերի ուղղությամբ ընթացել են հրետակոծություններ»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ այս  րոպեին էլ մեր զորքերը Շուշիի համար պայքարում են:

Անդրադառնալով Ստեփանակերտի տարհանման մասին հարցին, նա ասաց. «Հարգելիներս, տեղին չի այս պահին նման բաների մասին խոսելը, այսպիսի տրամադրությունները լավ բանի չեն բերում: Ես շատ եմ տեսնում սոցցանցերում տարբեր գնահատականներ, նույնիսկ մեզ մեղադրող գնահատականներ, կամ ռազմաճակատի առանձին իրավիճակի, առանձին տեղամասի, առանձին բնակավայրի, առանձին ստորաբաժանման մասին գնահատականներ:

Դուք ստանում եք ինֆորմացիան ձեր այս կամ այն ծանոթից, մոտիկից, առանձին վերցրած ճակատի մասին, որտեղ կարող է, այո, լինել ծանր դրություն, կարող է լինել մեր նահանջը, մեր կորուստները,  եւ դրանով սկսում եք ամփոփիչ տվյալներ ներկայացնել: իսկ մենք օրվա ընթացքում ինֆորմացիա ենք ստանում մոտ 1000 կմ ճակատից: Լավ օրինակի վրա պետք է հիմնվենք զորքի մատունակությունը, կառավարումը  պահպանելու համար, որպեսզի  կարողանանք հաղթանակներ կռել:

Սա մեր գյության պայքարն է,  մեր անհաջողությունները, կորուստները, նահանջները մեզ չպետք է կոտրեն: Մենք մինչեւ վերջ պետք է դիմադրենք, որոնվետեւ մենք մեր տունն ենք պահում, մեր տեսակն ենք պահում»: