Ժողովուրդների իրավունքների լայնամասշտաբ ու կանոնավոր խախտումների եւ նրանց բնաջնջման սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը ստեղծել եւ զարգացրել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման պրակտիկա՝ այդ ժողովուրդների՝ հանուն փրկության անկախության իրավունքի միջազգային ճանաչման միջոցով: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Չնայած հոկտեմբերի 30-ին Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածություններին առ այն, որ կողմերը կանխամտածված կերպով չեն գնդակոծի քաղաքացիական օբյեկտները, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության բնակավայրերին: Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը եւ նոյեմբերի 6-ին՝ ողջ օրվա ընթացքում, հատկապես ինտենսիվ գնդակոծման են ենթարկվել, մասնավորապես, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը եւ հանրապետության մշակութային կենտրոն Շուշին: Ադրբեջանի կողմից մայրաքաղաքի ուղղությամբ արձակված հրթիռներից մեկն ընկել է բնակելի տան վրա, ինչի արդյունքում զոհվել է երեք խաղաղ բնակիչ:

Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, ադրբեջանական կողմը գնդակոծության է ենթարկում Արցախի Հանրապետության բնակավայրերը՝ օգտագործելով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Արցախի Հանրապետության բնակավայրերի դեմ նմանատիպ սպառազինության կիրառումը վկայում է ադրբեջանական կողմի գործողությունների կանխամտածված լինելու մասին՝ միտված Արցախի Հանրապետության քաղաքացիական անձանց շրջանում չափից շատ կորուստներ պատճառելուն եւ քաղաքացիական օբյեկտներին առավելագույն վնաս հասցնելուն, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է եւ պատերազմական հանցագործություն:

Չնայած Մինսկի խմբի համանախագահ երկրների հրադադար հաստատելու բազմաթիվ փորձերին՝ Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների շարունակումը, որոնք ուղեկցվում են բոլոր հնարավոր պատերազմական հանցագործություններով, վկայում է Բաքվի իշխանությունների՝ Արցախն իր քաղաքացիական բնակչությունից զրկելու մտադրության մասին: Այդ ֆոնին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կոլեկտիվ եւ անհատական պատժամիջոցներն ամենագործուն միջոցն են՝ ստիպելու պաշտոնական Բաքվին կատարել իր ստանձնած պարտավորությունները եւ պատասխանատվության ենթարկել իրագործված հանցագործությունների համար:

Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիան Արցախի քաղաքացիական բնակչության բնաջնջման պլանի բաղկացուցիչ մասն է, որն Ադրբեջանը փորձում է իրագործել վերջին 30 տարիների ընթացքում: Կանխամտածված բռնարարքները, Արցախի խաղաղ բնակչության եւ զինծառայողների դեմ պատերազմական հանցագործություններն իրականացվել են եւ՛ 1991-1994 թթ. եւ՛ 2016 թ. ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի ընթացքում: Հարաբերական խաղաղ շրջանում Ադրբեջանն օգտագործում է իր ողջ քաղաքական զինանոցը՝ նպատակ ունենալով խոչընդոտել Արցախի ժողովրդի կողմից իր հիմնարար իրավունքների իրացումը:

Ժողովուրդների իրավունքների լայնամասշտաբ ու կանոնավոր խախտումների եւ նրանց բնաջնջման սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը ստեղծել եւ զարգացրել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման պրակտիկա՝ այդ ժողովուրդների՝ հանուն փրկության անկախության իրավունքի միջազգային ճանաչման միջոցով: Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հենց այդպիսի եւ արդիական քայլ է, որով միջազգային հանրությունը վերջ կդնի Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը»։