ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դպրոցականների, քոլեջի և ուսումնարանների ուսանողների կրթության կազմակերպման հարցերը

Ինչ վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններին,

— Շուշիի տեխնոլոգիական համալսարանն արդեն իսկ իրականացնում է դասընթացներն առցանց։

— Արցախի պետական համալսարանը առցանց ուսուցման կանցնի նոյեմբերի 10-ից։

— Արցախում գործող մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունները ևս շուտով հանդես կգան ուսումնական գործընթացը կազմակերպելու վերաբերյալ տեղեկատվությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքների դպրոցահասակ երեխաների հաշվառման և դպրոցներում տեղավորման հարցը։ Այս պահին այդ, ինչպես նաև կրթության կարիքների հստակեցման (դասագրքեր, գրենական պիտույքներ, տեխնիկական միջոցներ) ուղղությամբ աշխատանքեր են տարվում մարզպետարանների կրթության վարչությունների հետ։

ԱՀ ԿԳՄ նախարարությունը հստակեցնում է նաև ուսուցիչների համակազմն ըստ առարկաների, և այն պարագայում, երբ կլինի կարիքը, նրանք հնարավորություն կունենան համագործակցելու Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոնի հետ, որի արդյունքում, ըստ անհրաժեշտության, կդասավանդեն նաև Արցախից ժամանակավորապես տեղափոխված ուսուցիչները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։