Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի ավելի քան 10 երկիր հայտնվել է զանգվածային սովի շեմին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ՄԱԿ տվյալները։

Հակամարտությունները, տնտեսական դժվարությունները, եղանակային էքստրեմալ պայմանները եւ կորոնավիրուսի համավարակը սահմանափակում են հարյուր հազարավոր մարդկանց հասանելիությունը պարենամթերքին։ Աշխարհում անկայունությունն աճում է, 16 երկրների սպառնում է սովի խնդրի սրումը, նշում է պարբերականը։ ՄԱԿ փորձագետները «թեժ կետեր» են անվանել Բուրկինա Ֆասոյի, հյուսիսարեւելյան Նիգերիայի, Հարավային Սուդանի եւ Եմենի շրջանները։ Իրավիճակի հետագա զարգացումը որոշելու են սնունդի գները եւ եղանակային պայմանները, վստահ են կազմակերպությունում։

Ավելի վաղ աշխարհին կանխագուշակել էին կորոնավիրուսի համավարակի հետեւանքով «աստվածաշնչյան ծավալների» սով։ Այսպիսի կանխատեսում էր կատարել Համաշխարհային պարենային ծրագրի ղեկավար Դեւիդ Բիսլին։ Նրա խոսքով՝  համավարակի հետեւանքների մեղմացման նպատակով հումանիտար գործունեության իրականացման համար կազմակերպությանը առաջիկա կես տարում անհրաժեշտ է գրեթե 5 մլրդ դոլար։

Բիսլին սեպտեմբերին միլիարդատերերին եւ ձեռնարկություններին կոչ էր արել օգնել փրկելու ամբողջ աշխարհում 30 միլիոն մարդու, որոնք ենթակա են այս տարի սովից մահանալու վտանգին։