Ծնողների միակ արու զավակը, երեք քույրերի միակ ապերը՝ Նոյ Թեւոնյանը զոհվեց հանուն հայրենիքի, հանուն վաղվա հաղթանակի։ Համեստ, հայրենասեր ու կրթված։ 19-ամյա զոհված զինծառայողի քույրը՝ Սաթենիկ Թևոնյանը Irakanum.am-ի հետ զրույցում պատմեց, որ Նոյի ծնունդին ընտանիքում բոլորն են սպասել։ Երեք քույր են եղել, հայրը մշտապես երազել է որդի ունենալու մասին։ «Մենք տանը երեք քույր ենք, ապրում ենք Արարատի մարզի Արազել գյուղում, ու Նոյը մեր սպասված եղբայրն էր, հայրս շատ էր երազում, որ տղա կունենա։ Մի անգամ երազ էր տեսել, որ մեր տանը արու զավակ է ծնվելու ու անունն էլ Նոյ է լինելու, մայրս այդ ժամանակ արդեն բավականին տարիքով էր․․ երազը տեսել էր դեկտեմբերին, իսկ սեպտեմբերին ծնվեց Նոյը։ Ու ոնց որ երազում էր տեսել, այպես էլ անունը դրվեց Նոյ»,- նշեց քույրը։ Տան սպասված ու ամենասիրվածն էր Նոյը։ Սաթեւնիկ Թևոնյանը նշում է, որ քույրերով եղբոր հետ շատ կապված են եղել, եղբայրն էլ դեռ փոքր տարիքից տարբերվում էր բոլորից, չափից դուրս բարի էր ու համեստ։

Հայրը ոստիկան է եղել։ Սաթենիկ Թևոնյանը հիշում է, երբ Նոյը փոքր էր հայրը մայորի կոչում էր ստացել, եղբայրը ցանկանում էր հոր նման պաշտպան լինի։ Տանը ոստիկանական գրքույկի օրինակ էլ ունեին, փոքրիկ Նոյը խնդրել է մորը այնտեղ իր անուն ազգանունը գրել, որ ինքը ոստիկան է, օրենքի պաշտպանը, խնդրելով կցել նաեւ իր լուսանկարը։ Այդ գրքույկը միշտ հետը կրել է։ Փոքրուց առաքելություն ուներ՝ պաշտպանելու հայրենիքը, այդպես էլ արեց․․։

«Որ փոքր էինք, ինքը դեռ դպրոց չէր գնում, փոքր երեխեքին միշտ շոկոլադներ էին առնում, պապան, բարեկամները, ինքը երբեք մենակով չէր ուտում, միշտ բերում էր տանը յոթ անդամ էինք, այդ ժամանակ տատիկս էլ էր ողջ, հավասար բաժանում էր յոթ մասի, ասում էր, որ արդար լինի։ Ու այդպես էլ մեծացավ, միշտ հասուն տարիքում էլ ասում էր երեխեք եկեք՝ շոկոլադ ուտելու․․»,- հուզմունքը մի կերպ զսպելով պատմում է քույրը։ Սաթենիկը նշեց, որ եղբայրը մշտապես փորձել է օգնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեցել է։ Տատիկ- պապիկներից կանաչիներ է գնել, գիրք, որ տարեց մարդիկ դրսում երկար չմնան։ Հաճախել է Թումո կենտրոն, մեծ հետաքրքություն ուներ ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ։

Ընտանիքը հետո Արարատի մարզից տեղափոխվում է ՌԴ։ Նոյի որոշումն է լինում վերադառնալ հայրենիք, կատարել հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքը։ Հայոց բանակի զինվորը պետք է դառնար։  «Դա իր ընտրությունը եղավ, կար հնարավորություն կար այնտեղ ապրելու։ Մեր եղբայրն այդ ժամանակ որոշեց, որ Հայաստանում պետք է ծառայի, շատ հայրենասեր էր, իրա բոլոր նպատակները Հայաստանի հետ էին կապված»,- պատմեց Սաթենիկ Թևոնյանը։ Դպրոցն ավարտելուց հետո Նոյը ընդունվում է Ագրարային համալսարան։ Այս տարեկսզբին՝ հունվարին զորակոչվում է բանակ։

«Որ ասեց՝ դա իմ ընտրությունն է, ոչ մեկս հակառակում չհամոզեցինք։ Հիշում եմ, որ գալիս էինք գյուղ, ճանապարհին նայում էր․․ ասում էր Սաթ էս ինչ սիրուն են մեր սարերը, միշտ նայում էր Գեղամա լեռնաշղթային․․․ հիմա էլ, երբ ես նայում եմ այդ սարերին ամբողջությամբ ասոցացնում եմ ապերիս հետ։ Մի անգամ փոքր քուրիկս Մոսվայից հետը խոսելիս, կատակով ասել էր, Նոյ ջան արի տես ինչ սիրուն տեղ եմ գտել, ծառայությունդ ավարտես՝ կգնանք, ինքն էլ ասել էր, բա որ դու գաս մեր սարերը ցույց տամ, բա որ տեսնես մեր Ղարաբաղում ինչքան սիրուն է»,- պատմեց քույրը։

Ծառայությունից երբեք չի դժգոհել։ Միշտ հուսադրել է ընտանիքի անդամներին, ամեն ինչ կարգին է, ինքն էլ ամուր ոտքի վրա կանգնած է։ Պատերազմական գործողությունների օրերին քույրը գրեթե ամեն օր խոսել է եղբոր հետ, կարճ, ուղղակի լսել է ձայնը, շատ հարցեր չի տվել՝ հասկանալի պատճառներով։ «Այդ ժամանակ էլ միշտ ասում էր զանգի օրինակ մեր ընկերներից մեկի ծնողներին, ասա, որ իրենց տղայի հետ ամեն ինչ լավ է։ Ինքն անգամ այդ օրերին, իմ միջոցով ծառայակից ընկերների ծնողներին լուր էր հասցնում, կապի խնդիր կար, ոչ բոլորը կարող էին զանգել»,- նշեց քույրը։

Սաթենիկ Թևոնյանը նշեց, որ սեպտեմբերի 27-ին, երբ թշնամին ռազմական գործողություններ մեկնարկեց, իրենք հույս ունեին, որ մեկ- երկու օրվա ընթացքում ռազմական գործողությունները կավարտվեն։ Այդ ժամանակ էլ քույր և եղբայր խոսել են։ Տխուր հիշողությամբ կիսվում է Սաթենիկը։ «Ինքն ընդհանրապես մահ չէր տեսել, դիակներ չէր տեսել, ամեն ինչից փորձում էինք զերծ պահել։ Զանգեց ու միայն իմ հետ խոսեց, մամայենց չէր ասում, ասաց, որ մեքենա է շուռ եկել, վառվում էր, էնտեղ երեխա էր մահացել։ Ինքն ինձ ասեց, որ փորձել է այդ երեխային հանել վառված մեքենայից, բայց երեխան արդեն ձեռքերի մեջ մահացած է եղել, ու ինքը հանել էր դին, որ գոնե դին ծնողներին հասնի։ Ես էլ այդ ժամանակ ասեցի հերոս ջան, պատասխանեց․․ինչ հերոսություն Սաթ ջան, 18 տարեկան տղան ձեռքերիս մեջ մահացավ, դու ինձ ասում ես հերոս եմ․․․»,- նշեց քույրը, շարունակելով, որ եղբորը պատասխան չի ունեցել ասելու։ «Ով կմտածեր, որ ինքը 19 տարեկանում կզոհվեր․․․»,- արցունքոտ աչքերով պատմում է ավագ քույրը։

Վերջին անգամ հարազատների հետ Նոյը խոսել է հոկետմբերի 7-ին։ Այդ ժամանակ էլ նորից ընկերների մասին է մտածել, խնդրել քրոջը տեղեկանալ, ինչպես է վիրավոր ընկերը։ Այդ օրը Նոյը երկու անգամ է զանգել հարազատներին։ Երկու օր անց Թևոնյանները տեղեկանում են իրենց տան միակ արու զավակը զոհվել է։ Քույրը վստահ է՝ հավասար մարտի դեպքում եղբայրը կհաղթեր թշնամուն, ցավոք ստացել է բեկորային վնասվածք, որն անհամատեղելի է եղել կյանքի հետ։
Բոլորը ճանաչում էին ու սիրում։ «Ռազվետկի պոնչ» էին ասում, քույրերին վստահեցրել է՝ հաղթելուն են, ամեն ինչ լավ է լինելու։

Քույրերը եղբորը չափից դուրս շատ են կարոտել։ Անհամբեր սպասել են, թե երբ է իրենց ապերը արձակուրդ գալու, ցավոք սկզբում՝ կորոնաիրավիճակը ժամանակավորապես, հետո՝ պատերազմը ընդմիշտ բաժանեց Նոյին իր ընտանիքից։

19 -ամյա հերոսին հուղարկավորել են հայրենի գյուղում։ Ծնողներն ու քույրերը ամեն օր այցելում են Նոյի շիրիմին, չնայած անհասելի ցավին ու մեծ կորստին, Թևոնյաները նաեւ հպարտություն են ապրում, որ Նոյի նման հերոս տղա ունեն։ Նրա մասին անցյալով չեն խոսում։ Հպարտ են, որ արժանավոր զավակ են դաստիարակել ու տվել՝ հայրենիքին։

Հիշատակդ վառ, հերոս քաջորդի։

Փայլակ Ֆահրադյան