«Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ գնալ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի», — ՏԱՍՍ-ին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Վերջինս միաժամանակ պնդել է, թե սիրիացի վարձկանների մասնակցությունը ղարաբաղյան պատերազմին այլևս ապացուցված է, և Երևանը կարող է այդ փաստերը ներկայացնել ցանկացած երկրի դեսպանի:

«Մենք գերեվարված զինյալներ ունենք Լիբիայից, Սիրիայից, որոնք ամեն բան պատմում են։ Հայաստանը պատրաստ է ցանկացած դեսպանի հնարավորություն տալ՝ այդ ահաբեկիչների հետ շփվելու։ Ես, որպես իշխանության ներկայացուցիչ, անձամբ կստանձնեմ նման հանդիպում կազմակերպելու հանձնառությունը», — ասել է Սիմոնյանը, ով խնդիրը քննարկելու համար այսօր մեկնել է Մոսկվա։

«Ղարաբաղի հարցը վաղուց արդեն տարածքային վեճ չէ նախկին խորհրդային երկու երկրների միջև, այն միջազգային հարց է, որն առնչվում է նաև Մոսկվայի շահերին տարածաշրջանում և աշխարհում», — ասել է ԱԺ փոխնախագահը։

Նյութի աղբյուրը՝ azatutyun.am