ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Փրամփը հայտարարել է, որ միայն «օրինական ձայները» հաշվարկելու պարագայում ինքը հաղթել է երկրի նախագահական ընտրություններում, գրում է Reuters-ը:

«Օրինական ձայները հաշվելու պարագայում ես հեշտությամբ հաղթում եմ»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Սպիտակ տան ղեկավարը քննադատել է ձայների հաշվարկի գործընթացը` հայտարարելով, որ դրա ընթացքում շարունակվում են «խարդախությունները»:

«Սա այն դեպքն է, երբ նրանք փորձում են գողանալ ընտրությունը: Նրանք փորձում են խարդախություն անել, և մենք չենք կարող դա թույլ տալ»,-հավելել է Սպօտակ տան ղեկավարը:

Թրամփը ենթադրել է, որ ինքը հաղթել է այն նահանգներում, որտեղ ըստ նախնական կանխատեսումների՝ պիտի հաղթեր դեմոկրատ Ջո Բայդենը: Թրամփի խոսքով՝ դա հատուկ է արվել քվեարկողներին հօգուտ դեմոկրատ թեկնածուի ճնշելու նպատակով:

«Ապօրինի» ձայները

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն Թրամփը կասկածներ է հայտնել, որ ամերիկյան շատ նահանգներում իր դեմոկրատ մրցակից Ջո Բայդենի դիրքերի բարելավումը պատահականության արդյունք չէ:

Միացյալ Նահանգների ղեկավարը նշել է, որ դեմ է ընտրությունների օրվանից հետո «ապօրինի» ձայների հաշվարկին: Գործող նախագահը հիշեցրել է նաև իր հայտարարությունը այն մասին, որ «փոստով քվեարկությունը կվերածվի աղետի»:

«Մենք հաղթել էինք առանցքային նահանգներում և, ի դեպ, մեծ առավելությամբ, բայց հետո այդ առավելությունը ոչնչացվել է», — ասել է Թրամփը ՝ որպես օրինակ բերելով Փենսիլվանիա, Միչիգան, Ջորջիա և Վիսկոնսին նահանգները:

Ձայների հաշվարկի վերահսկողություն

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները անհիմն կերպով զրկվել են ընտրություններում ձայների հաշվարկին մասնակցելու հնարավորությունից:

«Չկա օրինական որևէ հիմք՝ թույլ չտալ, որ նրանք հետևեն (հաշվարկին)», — ասել է Թրամփը:

Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ ինքն ու իր կողմնակիցները ցանկանում են արդար ընտրություններ և ձայների արդար հաշվարկ:

Խախտումները ընտրությունների ժամանակ

Թրամփը նշել է, որ ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են եղել ԱՄՆ-ի ամբողջ տարածքում:

«Ողջ երկրի տարածքում տեղի են ունեցել մի շարք անհանգստություն առաջացնող խախտումներ»,-վստահեցրել է նախագահը:

Սենատի ընտրությունները

Բացի այդ, Թրամփը պնդում է, որ ընտրություններից հետո Հանրապետական կուսակցությունը «պահպանել է իր դիրքերը ԱՄՆ Սենատում»:

«Մենք Սենատը պահեցինք, չնայած պետք է երկու անգամ ավելի շատ տեղեր պաշտպանեինք (քան դեմոկրատները)», — ասել է Թրամփը Սպիտակ տան մամուլի ասուլիսի ժամանակ:

Սենատի ընտրությունների արդյունքները պաշտոնապես հայտարարված չեն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է 72,049,708 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (68,586,319)

Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։