Վիրավորանքները եւ սուր ծաղրանքը երկար տարիներ փչացնում են ֆրանսիացի Էմանուել Մակրոնի եւ թուրք Թայիփ Էրդողանի հարաբերությունները, սակայն Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների շուրջ սկանդալը դրանք նոր նվազագույնի հասցրեց, ինչը կարող է ավելի տեւական հետեւանքներ ունենալ, գրում է Reuters-ը:

Եթե ​​նրանք չկարողանան կամուրջներ կառուցելու միջոց գտնել, ապա, ըստ թուրք վերլուծաբան Սինան Ուլգենի, խթան կառաջանա Թուրքիայի` առանց այդ էլ փխրուն տնտեսության նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ Ֆրանսիայի առաջարկն իրականացնելու համար: «Ո՛չ Էրդողանը, ո՛չ էլ Մակրոնը չեն նահանջի»,- ասել է Ուլգենը:

Թուրքիայի նկատմամբ քաղաքականությանը ծանոթ ֆրանսիացի պաշտոնյան ասել է, որ վերջին շաբաթների իրադարձությունների լույսի ներքո «կբարձրացվի պատժամիջոցների հարցը»: ԵՄ ղեկավարներն արդեն հայտարարել են, որ եթե Թուրքիան մինչեւ դեկտեմբերի 10-ը չկարողանա մեղմել լարվածությունը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում, դրան պատժամիջոցներ կհետեւեն` չնայած առաջարկի նախագիծ դեռ չկա:

Վերջին սրացումը տեղի է ունեցել Ֆրանսիայում ուսուցչի սպանությունից հետո, ով աշակերտներին ցույց էր տվել մարգարեի ծաղրանկարները Charlie Hebdo երգիծական ամսագրից: Ֆրանսիայի կառավարությունը դա որպես հարձակում է ընկալում ազատ խոսքի դեմ: Մակրոնը խոստացավ կրկնապատկել ջանքերը` իսլամական պահպանողական համոզմունքները կանգնեցնելու համար, որոնք խաթարում են ֆրանսիական արժեքները:

Էրդողանը Մակրոնին մեղադրեց հակաիսլամական ծրագրի մեջ եւ ասաց, որ իրեն անհրաժեշտ է ստուգել իր հոգեկան առողջությունը: Նրա խոսքով` արեւմտյան երկրները, ծաղրելով իսլամը, ցանկանում են «վերսկսել խաչակրաց արշավանքները»: Վերլուծաբաններն ու պաշտոնյաները նշում են, որ ֆրանս-թուրքական հարաբերությունները խաթարվել են մրցակցային ռազմավարական շահերի պատճառով:

Անկարան ավելի ու ավելի մեծ ազդեցություն է ձեռք բերում Սիրիայում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում, իսկ Մակրոնը եվրոպական շահերի ամենամոլեգին պաշտպանն է այս երկրներում:

Նախկինում մրցակցությունն անձնական բախումների էր վերաճում:

2017-ի օգոստոսին` պաշտոնը ստանձնելուց երեք ամիս անց, Մակրոնը հարցազրույցներից մեկում ասել էր, որ Էրդողանի հետ խոսելու անհրաժեշտությունն այն պատճառներից մեկն է, որի համար պետության ղեկավար լինելն այդքան էլ «զիլ» չէ, ինչպես մարդիկ կարծում էին: Մեկնաբանությունը «մեծ հիասթափություն եւ ցնցում» էր առաջացրել Էրդողանի շրջապատում, ասել էր թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Ապա 2018-ի մարտին Մակրոնը հանդիպեց պատվիրակության հետ, որի կազմում էին սիրիացի քրդերի ներկայացուցիչները YPG-ից, ում թուրքերն ահաբեկիչներ են համարում, իսկ արեւմտյան տերությունները` դաշնակիցներ «Իսլամական պետության» դեմ Սիրիայում:

Էրդողանը Ֆրանսիային հրապարակավ մեղադրեց ահաբեկչությանն աջակցելու մեջ: Թուրքիայի ղեկավարին մոտ կանգնած աղբյուրը նշել էր, որ քրդերի նկատմամբ Մակրոնի դիրքորոշումը «լարվածություն է առաջացնում ինչպես որոշ անձնական հանդիպումների, այնպես էլ հեռախոսազրույցների ժամանակ»:

Ֆրանսիայի պաշտոնյաները հիասթափված էին Թուրքիայի գործողություններից Սիրիայում` մեղադրելով դրան արմատական ​​իսլամիստներին աջակցելու մեջ: Թուրքիան ակնարկել էր, որ կարող է սիրիացի փախստականներին ուղարկել Եվրոպայի սահմաններ` վտանգելով միլիարդավոր եվրոյի օգնության դիմաց ԵՄ-ի հետ միգրանտների հոսքերը զսպելու գործարքը:

Էրդողանը բազմիցս հրապարակային ելույթներում սպառնացել է «բացել դարպասները» սիրիացի փախստականների համար: Մեկ այլ ֆրանսիացի պաշտոնյա ասել է, որ Մակրոնի թիմը նման սպառնալիքները որպես շանտաժի փորձ է ընկալում:

2018-ի հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Էրդողանի եւ Մակրոնի հանդիպման ժամանակ հարաբերությունները հատկապես լարված էին: Ըստ ֆրանսիացի պաշտոնյայի` պատվիրակության անդամների միջեւ մտքերի լարված փոխանակում էր տեղի ունեցել, եւ ի վերջո բոլոր պաշտոնյաները, բացի թարգմանիչներից, ստիպեցինլքել տարածքը, որպեսզի Էրդողանն ու Մակրոնը կարողնան «մարդավարի» խոսեն: Սակայն ձնհալ տեղի չունեցավ: «Դրանք սառը հարաբերություններ են»,- ասել էր ֆրանսիացի պաշտոնյան:

2019-ի նոյեմբերին Մակրոնը հարցազրույցներից մեկում ասել էր, որ ՆԱՏՕ-ն «ուղեղի մահ» է ապրում, քանի որ անդամ պետությունը` Թուրքիան, դեմ է գնում դաշինքի շահերին Մերձավոր Արեւելքում: Ի պատասխան Էրդողանն ասել էր, որ Մակրոնը պետք է ստուգի` չի մեռել արդյո՞ք իր ուղեղը:

Դրանից հետո, ըստ ֆրանսիացի դիվանագետի, «հարաբերությունները սրվեցին»: Այնուամենայնիվ, երկու առաջնորդները պահպանեցին կապը: Ֆրանսիացի դիվանագետի խոսքով` հեռախոսային խոսակցությունները քաղաքավարի բնույթ էին կրում: Մակրոնի թիմը կարծում էր, որ Էրդողանի հրապարակային հռետորաբանությունը պետք է ուժեղացներ նրա աջակցությունը երկրի ներսում եւ տարբերվում էր նրա իրական մտադրություններից:

Սակայն վերջին շաբաթների հռետորաբանությունն աննախադեպ ցածր մակարդակի է հասել: Ըստ ֆրանսիացի պաշտոնյայի` Ֆրանսիայի նախագահը որոշել է չպատասխանել Էրդողանի վերջին մեկնաբանություններին, քանի որ անձնական վիրավորանքներն իր արժանապատվությունից ցածր են: Նա նշել է, որ, չնայած համաշխարհային առաջնորդները ցավակցական հեռագրեր ուղղեցին Մակրոնին ուսուցչի սպանության կապակցությամբ, Էրդողանը դա չարեց:

Նախագահի պաշտոնում Մակրոնի նախորդը` Ֆրանսուա Օլանդը, իշխանության ղեկին եղած ժամանակ հաճախ էր խոսում Էրդողանի հետ եւ համեմատում նրան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Էրդողանը ազգայնական հռետոր է, ով, ինչպես Պուտինը, քննադատություն չի սիրում,- ասել էր Օլանդը:- Մեկ-երկու ամիս հետո, եթե դա իրեն պետք լինի, նա կխոսի Մակրոնի հետ, սակայն դեռ պարզ չէ` արդյոք Մակրոնը թույլ կտա նրան դա անել առանց հետեւանքների»: