ՌԴ Սմոլենսկի մարզի Ելնյա քաղաքում բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի տարածաշրջանային ղեկավարի կայքին։

Հրդեհը բռնկվել է Ելնյա քաղաքի Բոլշայա Կալուժսկայա փողոցի սեփական տներից մեկում։ Ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհի մասին։

«Հրդեհը մարելուց հետո հայտաբերվել են հինգ երեխայի և երկու մեծահասակի դիերը», — նշվում է հաղորդագրության մեջ։

27-ամյա տանտերը մեջքի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ զոհերի թվում են ընտանիքի մայրն ու չորս երեխաները՝ երկու աղջիկ և երկու տղա։ Զոհվել են նաև ընտանիքի բարեկամուհին ու վերջինիս երեխան։ Զոհված երեխաներից ավագը 11 տարեկան էր։ Ընտանիքը հաշվառված է կանխարգելիչ մարմիններում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ անզգուշությամբ մահ պատճառելու փաստով։ Դեպքի վայրում այժմ աշխատում են քննիչներն ու քրեագետները։ Հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն, սակայն Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ տունը ջեռուցվում էր վառարանով։