Հետախուզական խմբի հրամանատարի տեղակալ, կին զինծառայողը մի քանի օր առաջ է վերադարձել մարտադաշտից և այդ օրվանից փորձում է կարոտն առնել իր 1-ամյա որդուց։

«Զինուժ մեդիա»-ի հետ հարցազրույցում կինն ասել է, որ  երեխայից հեռու գտնվելն ամենադժվարն է եղել իր համար։

«Չի եղել այնպիսի վայրկյան, որ նրա մասին չմտածեմ, նրա ծիծաղն ու լացն էի կարոտել։ Հազվադեպ էի զանգում, մի անգամ էլ հեռախոսը տվեցին, որ ձայնը լսեմ, սկսեց լաց լինել, շատ հուզվեցի։ Այդ պահից սկսեցի ընդհանրապես չզանգել»,- նշել է հետախույզը։

Հարցազրույցի ընթացքում ենթակաների հետ հատուկ գործողություններ իրականացրած հերոսուհին ցավով նկատել է, որ պատերազմի պատճառով ոչ ինքը, ոչ էլ մեկ այլ ուղղությունում մարտնչած զինվորական ամուսինը (վերջինս վիրավորում է ստացել ու ներկայում բուժվում է – խմբ․) ներկա չեն եղել որդու առաջին տարեդարձին։

«Առաջին հերթին մեր երեխաների համար ենք ամեն ինչ անում, որպեսզի վաղն իրենք պատերազմ չտեսնեն, ինչպես մենք։ Գիտակցում ենք, որ հիմա ոչինչ չանենք՝ վաղն ավելի վատ կլինի, քան այսօր»,- ասել է կինը։

Իր և ենթակաների կատարած գործողությունների մասին չբարձրաձայնող հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողը խոստովանել է, որ միայն Աստծուն է հայտնի, թե ինչի միջով են անցել անցած 1 ամսվա ընթացքում, սակայն չեն հուսալքվել, հավաքել են ուժերը, նորից ու նորից բռնվել մարտի։

«Մեզ թվում էր, որ արդեն հետ չենք գա։ Մի պահ, երբ Ջաբրայիլում էինք, մեզ թվում էր, թե արդեն վերջին պահն է ու գրադի ամեն  հարվածի հետ մտածում էինք որ վերջին վայրկյանն է, որ ապրում ենք։ Միշտ ասում էի, արդյոք կտեսնեմ երեխայիս, կկարողանամ գրկել»,- ընդգծել է հետախույզն ու հավելել, որ արդեն իսկ տեսակցել է վիրավոր ամուսնուն։

«Երբ եկանք տուն, ամուսնուս հետ մտանք, երեխան մեզ չճանաչեց, հետո զարմացած նայեց մեզ։ Այդքան լարվածությունից հետո ընտանիքով հանդիպելն ամեն ինչ էր մեզ համար»,- հայտնել է կին հետախույզն ու շեշտել, որ կարճ ժամանակ անց ամուսնու հետ կրկին մեկնելու են առաջնագիծ։

«Ես իմ գործը կիսատ եմ թողել ու վերադարձել եմ, նույնն էլ ամուսինս, ով վիրավոր է։ Հենց ապաքինվի, նորից ուզում ենք վերադառնալ։ Մենք երբեք կիսատ գործն անավարտ չենք թողնում»,- եզրափակել է հետախուզական խմբի հրամանատարի տեղակալը։